Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ

Հունվար 17,2026 18:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը  կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում:

«Մեր վիճակագրությունն ասում է, օրինակ, որ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով»,-ասել է վարչապետը և հավելել, որ դրամաշրջանառությունը 171%-ով է աճել, այսինքն՝ ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե քառապատկվել է, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից հետո։ Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա, վարչապետի խոսքով, էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը՝ Սթարլինքի ծառայությունները, ինչն իր հերթին նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է երկու օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, որն առաջինն է, որ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության միջոցներով:

Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում, և ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:

Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031