Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ «Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ – 2025» մանկավարժական վարպետության XVI ազգային մրցույթի մասնակիցների եւ հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Այս անգամ մրցույթը համախմբել էր շուրջ 100 ուսուցչի՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից, գրանցվել էր մասնակիցների ռեկորդային թիվ։
Դիմելով մանկավարժներին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց․ «Այն, ինչ դուք եք անում, չափազանց կարեւոր եւ վեհ ներդրում է, ներդրում երիտասարդ սերնդի եւ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում»։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ ընդգծեց, որ մրցույթի աշխարհագրական ընդգրկվածությունը վկայում է ոչ միայն ռուսաց լեզվի, այլեւ ռուսաց լեզվով կրթության հանդեպ հետաքրքրության մասին։
Կարդացեք նաև
2024 թվականից մրցույթին մասնակցում են ոչ միայն ռուսաց լեզվի ուսուցիչները, այլեւ ռուսերենով դասավանդող մանկավարժները։ Մրցանակներ շնորհվեցին «Ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսուցիչ» եւ «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» անվանակարգերում՝ Երեւանի եւ մարզերի ուսուցիչներին, իսկ մրցույթի Գրան պրին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանին:
Հավելենք, որ մրցույթը կազմակերպվել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության կողմից՝ համատեղ Ա․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Աերոֆլոտ -ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և մարզային կրթության վարչությունների աջակցությամբ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կորյուն Ասլանյանի



















































