Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմո քշի՛, մի՛ կանգնի, խփում են․․․». ոճրագործություն՝ 35 տարի առաջ

Հունվար 18,2026 00:15

Խորհրդային պետությունը դեռ կար, իսկ Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանի 4 փոքր հայկական գյուղերը շրջափակված էին ադրբեջանական բնակավայրերով՝ Լաչին, Աղանուս, Լիսագրսկ և այլն։ Առավել վտանգավոր էր նաև այն, որ 1960-ականներին հայաթափ եղած Կանաչ Թալա գյուղը, որ Եղցահողի կազմում էր, բնակեցված էր թուրքերով և դարձել էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի որջ։

Տարածքի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով 1988-ին Երևանում «Հայ դատ»-ի կողմից ստեղծվել էր Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ)՝ Անդրանիկ Հարությունյանի նախագահությամբ։ Փոխնախագահն էր Բերդաձորի Հին Շեն գյուղում ծնված, մասնագիտությամբ ֆիզիկոս, մեծ հայրենասեր ու ազգային գործիչ Առնո Մկրտչյանը՝ նույն գյուղի դպրոցի տնօրեն Միքայել Մկրտչյանի որդին։

Մայր Հայրենիքի տարբեր վայրերից, Արցախի առավել ապահով տարածքներից պաշտպանական ջոկատներ էին գործում ենթաշրջանում։ Նույն տարիներին նաև խորհրդային բանակի զինվորներն էին իբրև հսկում մեր ժողովրդի ապահովությունը։ Սակայն նրանց հիմնական գործն ադրբեջանցիներին աջակցելն էր։ 1991թ․ հունվարի 17-ի երեկոյան նորագավիթցի Ստեփան Մուրադյանը՝ Եղցահողի Ստյոպը, երևանցի Սարգիս Յարամակյանը՝ Սաքոն, Խաչիկ Հովհաննիսյանը՝ Խաչոն և Բերդաձորի Տասի վերստ գյուղում ծնված Շիրակ Չոբանյանն Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմո Մկրտչյանի վարած «Վիլիս»-ով Եղցահող գյուղից վերադառնում էին Մեծ շեն:

Որոշ հատված պետք է անցնեին Շուշի-Լաչին գլխավոր ճանապարհով, որը վերահսկող խորհրդային բանակի պարեկները գիտեին՝ հայկական գյուղերի բնակիչները մշտապես այցելում են միմյանց, և իրենց պարտականությունն էր նաև պաշտպանել տեղացիներին: Այդ օրն էլ խորհրդային բանակի սպան ձեռքով նշան է անում, որ մեքենան առաջ ընթանա: Այնուհետեւ սկսում են կրակել մեքենայի հետևից։ Հետագայում իր հիշողություններում գրել է Սաքոն․ «Այդ օրը պետք է Հայաստանից Բերդաձոր նոր եկած տղաների անձնագրերում ժամանակավոր գրանցումներ արվեին: Ըստ հավաստի աղբյուրների՝ անձնագրերի նոր ստուգումներ էին սպասվում, ինչը կնշանակեր նոր սադրանքներ, ձերբակալություններ, Շուշիի բերդ և այլն: Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմոյի «Վիլիս»-ով, Ստյոպայի և Խաչոյի հետ Մեծ Շենից ուղղություն վերցրինք դեպի Եղցահող, ուր անձնագրերում Բերդաձորի ժամանակավոր գրանցումների կնիքներ էին դնում: Անցանք սովորականի պես, իսկ հետ վերադառնալիս մեզ միացավ նաև համագյուղացի Շիրակը: Ռուս սպան նույնիսկ ձեռքով նշան արեց, թե հանգիստ շարժվեք: Բայց հազիվ էինք մի քսան մետր անցել, երբ աջ ու ձախից կրակահերթ սկսվեց: Կինո չէր: Իրական կյանքն էր: Զգացի աջ ոտքից վիրավորվել եմ: Կռացա՝ թաքցրածս զենքը վերցնելու, թիկունքիս նույնպես գնդակներ կպան: Ընկա Խաչոյի վրա: Ստյոպան ինձ գրկեց, որ օգնի, բայց անմիջապես թուլացավ․ զոհվել էր:

Մեր մեքենան ծակծկված ու մաղ դարձած մի 500 մետր էլ գնաց ու կանգնեց: Շիրակին գնդակ չէր կպել, Խաչոն որովայնից, Արմոն ձեռքից էին վիրավորվել: Ես գիտակցությունս կորցրել էի ու այլևս ոչինչ չէի հիշում: Հետագայում Խաչոն պատմեց, որ ցնցել է Արմոյի ուսերն ու կանչել. «Արմո քշի՛, մի՛ կանգնի, խփում են․․․»:

Բայց զուր, Արմոն վիրավոր էր, ինքը՝ նույնպես, բայց արագ-արագ բոլորիս քաշելով գցել է ցած, հեռացրել մեքենայից: Շիրակը բոլոր զենքերը պահել էր ձորի մեջ, և մի գիշեր էլ մնացել կամրջի տակ թաքնված: Ռուսները մեզ «շտապ» հասցրել էին Ստեփանակերտի հիվանդանոց՝ մեկ ժամանոց ճանապարհը կտրել-անցնելով հինգ ժամում: Հայ էինք․ մինչև վերջ արյունաքամ չէինք եղել: Դերասանուհի Ժաննա Գալստյանն ամեն ինչ արեց, որ փրկվենք: Մեր նկատմամբ կազմակերպված սադրանքով իրականում նախապատրաստում էին Բերդաձորի հանձնումը. դա իրականացվեց նույն թվականի մայիսի 16-ին»:

Անցել է 35 տարի այդ ոճրագործությունից։ Այսօր արդեն հավերժի ճամփորդ են ու Ստյոպին են միացել նաև Սաքոն, Խաչոն, Արմոն․ խորհրդային զինվորների հասցրած և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան վերքերն իրենց սև գործն արեցին։

Այդ օրվա առթիվ հունվարի 17-ին ԲԻԽ-ի տարբեր ջոկատների որոշ անդամներով այցելեցինք Եռաբլուր, որտեղ մարտական ընկերների՝ Անուշավան Հարությունյանի, Նորիկ Մանասարյանի (հերոսաբար մարտիրոսվեցին 1992թ․ հունվարի 26-ին Քարինտակի հերոսամարտում), 1991թ․ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մատույցներում զոհված Վարդան Բախշյանի շիրիմների շարքում հանգչում է Սաքոն, ով վախճանվեց 2013թ․ հոկտեմբերի 27-ին։

 

Նույն շարքում է նաև Վաղինակ Զաքարյանի շիրիմը։ 1990 թ․ նոյեմբերի 21-ին Վաղինակը, ով Սաքոյի հետ դիրքերում էր, զոհվեց Բերդաձորի Հին շեն գյուղի պաշտպանության ժամանակ։ Եռաբլուրում են նաև Բերդաձորում մարտական ուղի անցած անմահ Հերոսներ ԲԻԽ-ի նախագահ Անդրանիկ Հարությունյանը, զինագործ Աշոտը, Երեմ Խաչատրյանը, Հայէլեկտրոյի Արմենը՝ Արմեն Հովհաննիսյանը, ով մարտիրոսվեց 1994թ․ ապրիլի 21-ին Մարտակերտի շրջանում Արցախի Հերոս Վահագն Վարդևանյանի հրամանատարությամբ գործող ջոկատի հրամանատարի և 12 մարտական ընկերների հետ, այլք։

Տղաների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց և խնկարկելուց հետո այցելեցինք Ներքին Չարբախի հանգստարանում 2023թ․ հուղարկավորված Խաչոյի շիրիմին։ Նորագավիթի գերեզմանոցում է հուղարկավորված Ստեփանը՝ Բերդաձորի Ստյոպը։ Նրա և 1992թ․ մայիսի 27-ին Երևանի երկաթգծի կայարանում դարձյալ խորհրդային բանակի զինվորների կողմից նահատակված Խաչիկ Մալխասյանի շիրիմների մոտ կարմիր տուֆից հուշակոթող է՝ վերևում խաչ։ Իսկ կողքին խաչքար կա՝ «Բերդաձոր 1991թ․» արձանագրությամբ։ 15 տարի առաջ նույն կոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք։

 

Ողջ էին Սաքոն, Խաչոն, Արմոն։ Այս անգամ ևս Սաքոյի որդին մեզ հետ էր։ ԲԻԽ-ի անդամ, 1990-ականներին Եղցահողի դպրոցի տնօրեն Վիլեն Սիմոնյանը հիշողություն պատմեց 35 տարի առաջ կատարվածի մասին․ ինչպես են Ժաննա Գալստյանի կազմակերպմամբ վիրավոր տղերքին Սաքոյին, Խաչոյին ու Արմոյին, փախցրել Ստեփանակերտի հիվանդանոցից։ Բուժվելուց հետո նրանց կձերբակալեին որպես ահաբեկիչ կամ այլ ծանր մեղադրանքով։

 

Օրվա ընթացքում Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցինք նաև ռազմական բժիշկ, գրող, հասարակական գործիչ, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր Արցախ Բունիաթյանի շիրիմին։ Հիշեցի Արցախի և նրա հետ 1983թ․ հոկտեմբերի 6-ին Նժդեհի մասունքը Խուստուփի լանջին ամփոփող ընկերների երդումը․ «Եթե չգանք, ուրեմն չկանք»։ Մենք էլ որոշեցինք 1 տարի անց կրկին այցելել Տղերքի շիրիմներին։

Առնո և Արմո Մկրտչյանների կրտսեր եղբայր Նորիկի հետ տուն եկա։ Հիշողություններ պատմեց եղբայրների մասին։ Առնոն մարտիրոսվեց Բաքվի բանտերում 1991թ․ մայիսի 16-ին ձերբակալվելուց հետո։ Արմոն վախճանվեց 2024թ․ սեպտեմբերին Մոսկվայում։ 1991թ․ մայիսի կեսերից ուղիղ 1 տարի Բերդաձորը մնաց գերության մեջ։ 1992թ․ մայիսի 17-18-ին ազատագրվեցին Բերդաձորը, Լաչին-Բերձորը, Զաբուղ-Աղավնոն, և կայացավ Միացումը։ Սակայն 2020թ․սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը և հետագա իրադարձությունները ծանր հարված են մեզ համար։ Հայաթափ է Արցախը, վտանգված մեր երկրի անվտանգությունը։ Բայց Եռաբլուրի Տղերքը պահանջում են՝ չմոռանալ գլխավոր անելիքը․․․

Նույն օր պատահաբար հանդիպեցի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչներ Գևորգ Հովհաննիսյան և Կարինե Խաչատրյան ամուսիններին։ Նրանց որդին՝ Գոռ Հովհաննիսյանը, ով ավարտել էր Վ․ Սարգսյանի անվ․ ռազմական համալսարանը և ավագ-լեյտենանտի կոչումով ծառայում էր Արցախում, հերոսաբար զոհվեց 2017 թ․՝ փակելով թշնամու դիվերսիոն խմբի ճանապարհը։ Այցի էին եկել որդու շիրիմին։ Քիչ հեռու Գոռի կուրսեցի, Ջրականի զորամասի հրետանային վաշտի հրամանատար, 2020թ․ սեպտեմբերի 27-ին նահատակված Աղասի Միքայելյանի շիրմաքարն է․ ժպտուն դեմքով ընկերոջն է նայում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031