Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ նրա հարձակումների մասին «168 Ժամ»-ը զրուցել է «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբների հետ։ Դոկտոր Այբներն ամերիկացի հայտնի իրավապաշտպան է և հայ ազգի լավ բարեկամը դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։ Նա պատմագիտության դոկտորի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանում։
Արամ Սարգսյան- Պարոն Այբներ, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների այս տեսակ գործողությունները Եկեղեցու հանդեպ, այդ թվում՝ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի խայտառակ գրոհի փորձը, և ինչպես նշեցի՝ Սուրբ Ծննդյան նախօրեին նա այդ 10 եպիսկոպոսների հետ միասին ստորագրեց Եկեղեցու, այսպես կոչված՝ «բարենորոգման» ծրագիրը, իսկ հաջորդ օրը նա առաջնորդեց, այսպես կոչված՝ «ուխտերթը» Կաթողիկոսի դեմ։ Այսինքն՝ ո՞րն է նրա հիմնական նպատակը։ Ինչպես Դուք ասում եք՝ նա ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել Եկեղեցու նկատմամբ, ինչպես նաև՝ պառակտե՞լ Եկեղեցին, պառակտել մեր հոգևոր ինքնությունը և հասնել, այսպես ասած՝ «սևերի ու սպիտակների» բաժանման նաև ա՞յս բնագավառում։
Ջոն Այբներ- Այո, նա զգում է, որ պե՛տք է թիրախավորի Եկեղեցին, քանի որ Եկեղեցին և մասնավորապես՝ Կաթողիկոսը, շարունակում է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները: Իսկ Կաթողիկոսը, հիշեցնեմ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է՝ նրանց, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց, ովքեր եկել են Արցախից, նրանց, ովքեր ապրում են սփյուռքահայ գաղթօջախներում: Եվ սա բացարձակապես անհամատեղելի է «Իրական Հայաստան»-ի հայեցակարգի հետ: Եվ այսպիսով, նա ամեն ինչ անում է Եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Իսկ վերահսկողություն հաստատելու համար նա պետք է թուլացնի այն: Եվ այս միջոցառումները, որոնք նա ձեռնարկում է, նախատեսված են թուլացնելու Եկեղեցու վճռականությունը, որպեսզի այն դառնա գործիք իր ձեռքում:
Դուք հիշատակեցիք 10 եպիսկոպոսներին: Ես խոսել եմ այս եպիսկոպոսներից մեկի հետ Փաշինյանի շարժմանը հրապարակավ միանալուց մի քանի օր առաջ, և նա ինձ ասաց, որ դեմ է վարչապետի գործողություններին, և, որ վարչապետը կեղտոտ խաղ է խաղում՝ փորձելով պառակտել Եկեղեցին: Ընդամենը մի քանի օր անց այս նույն արքեպիսկոպոսը միացավ վարչապետին: Ինչո՞ւ: Չգիտեմ: Հավանաբար նրան շանտաժի են ենթարկել։ Պետությունն ունի բազմաթիվ հնարավորություններ, կարող է ձեռք բերել ինֆորմացիա, լուսանկարներ կամ ապացույցներ, որոնք եթե ջրի երես դուրս գան, անհարմար դրության մեջ կդնեն նրանց։ Նաև սպառնում են ընտանիքի անդամներին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ»-ում


















































