Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ եղեք, միջազգային կառույցների համար ցանկանում եք «պտիչկա» ստանալ․ ԱՄՆ պետդեպը դիտողություն է արել»․ Ագնեսա Խամոյանը՝ Գեւորգ Քոչարյանին

Հունվար 19,2026 13:38

«Մենք բացասական եզրակացություններով անձինք ենք ունեցել, որոնց իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Մենք ԲԴԽ-ի անդամ ենք ունեցել, որի կենսագրությունից պարզ էր դառնում, որ 10 տարեկանից դպրոց է ավարտել, կեղծ ամուսնություն է ունեցել, իշխող մեծամասնությունը Արմեն Դանիելյան է ընտրել․․․նկատի ունեմ, որ այդ եզրակացությունները լայն հանրության համար հրապարակային չեն, բայց մեզ համար բաց են եւ ԱԺ-ում որոշակի քաղաքական քննարկումներ ունենում ենք։ Անկեղծ եղեք, միջազգային կառույցների համար ցանկանում եք «պտիչկա» ստանալ․ ԱՄՆ պետդեպը դիտողություն է արել՝ ինչո՞ւ հրապարակային չեն այդ եզրակացությունները»,- խորհրդարանում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանին։

Նախագիծը ընտրված կամ նշանակված պաշտոնյաների բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասը հրապարակելու մասին է։ Գործող կարգավորումներով` դրանք գաղտնի են։

Գեւորգ Քոչարյանը հայտարարեց՝ փոփոխությունը կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ է պայմանավորված եւ միջազգային ստանձնած պարտավորություններով․ «Բայց սա «պտիչկայի» համար չէ»։ Ըստ փոխնախարարի, նախագիծը չի բերվել ԿԿՀ բացասական եզրակացություններով նշանակումները կամ առաջխաղացումները բացառելու համար, այն «հանրային ընկալման տեսանկյունից դրական ընկալումների համար է»։

Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ վերջնարդյունքը պետք է լինի իրավական գնահատականը, մինչդեռ իշխանությունները խոսում են թափանցիկության մասին ու եզրակացնում՝ փոփոխությունը դառնում է ձեւական։ Հարցի հարակից զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանեց՝ ԿԿՀ եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի, այն պարտադիր կատարման չէ։

Ագնեսա Խամոյանը հստակեցրեց՝ շատ պարզ հարց ենք տալիս, ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տալիս, ՔՊ-ն ընտրում է եւ ի՞նչ։ Ագնեսա Խամոյանը չի հասկանում նաեւ, թե ինչո՞ւ չի հրապարակվում բոլոր թեկնածուների մասով եզրակացությունների եզրափակիչ մասը, այլ միայն այն թեկնածուի, որը որ ընտրվում է։ Վկայակոչվող՝ «անձնական կյանքի գաղտնիության» պարզաբանումը նա չի ընկալում եւ ընդունում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031