Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը․ ուզում ենք Թուրքիայի հետ ամբողջապես բաց սահմաններ ունենալ հենց վաղը»․ Ռուբեն Ռուբինյան

Հունվար 19,2026 13:54

«Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Մեր կողմից Մարգարայի անցակետն է, թուրքական կողմից՝ Ալիջանի։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք, հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցին։

Ռուբինյանի խոսքով՝ դեռեւս 2022 թվականից թուրքական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրերով անձանց համար սահմանը բացվի։ «Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը գա՝ կիմանաք։ Միայն կասեմ այն, որ գործընթացը հրապարակային է, եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը»,- նշեց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե 2026-ի սկզբին Հայաստանի հետ հարաբերություններում խորհրդանշանական քայլեր կձեռնարկվեն, Ռուբինյանն ասաց․ «Ես հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որ թաքցնելու բան ունեմ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որեւէ կերպ գործընթացներին վնաս տալ»։

Հարցին, թե հնարավո՞ր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Անդրադառնալով այս հարցին՝ Ռուբինյանն ասաց․ «Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են։ Բայց, քանի որ մենք նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա»։ Նա միաժամանակ հավելեց, որ «Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031