«Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար բուհերում։ Կարծում եմ, բանակին էլ սա չի խանգարի, որովհետեւ մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»,- ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Հռիփսիմե Հունանյանը։
Նախագծի սոցիալական անարդարության մասին խոսել էր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը։ Նա նախ ներկայացրեց սեփական ուսումնասիրության արդյունքները, թե արտերկրում սովորող ուսանողների քանի՞ տոկոսն է հետագայում վերադարձել՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար․ «2019 թվականի հարցմանը ԿԳՄՍ նախարարը պատասխանել էր, որ նման հաշվառում նախարարությունը չի վարում։ Այսինքն, տալիս ենք մենք չծառայելու հնարավորություն՝ 4 տարով նրանց տալով տարկետում եւ որեւէ կերպ հաշվառում չենք վարում այն մասին, թե նրանք Հայաստան վերադառնո՞ւմ են, թե՞ ոչ»։
Իշխանական պատգամավորը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ-ին նույն հարցով հարցում է ուղարկել նաեւ 2023 թվականին եւ պարզել, որ Հայաստանում ուսանողների շուրջ 57%-ը աղջիկներ են։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է արտերկրում սովորելուն, վիճակագրությունը սկսում է կտրուկ փոխվել հօգուտ մյուս սեռի։ Այսպիսով, ըստ Հայկ Սարգսյանի, 2004-2023 թվականներին արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն է ստացել 2265 տղա եւ 1191 աղջիկ․ «Սրանից կարող ենք եզրահանգել այն մտքին, որ նրանք գնում են հիմնականում բանակից խուսափելու համար»։
Իսկ ներկայացված նախագիծն այն մասին է, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 50 բուհերը եւ առնվազն 3 տարի աշխատել են Հայաստանումկազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Հարցը ներկայացնում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խոսքը Շանհայյան վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ընդգրկված համալսարաններում բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով ուսումնառություն ստացածներին է վերաբերվում։ Նրանք, ովքեր ավարտելուց հետո ՀՀ-ում առնվազն երեք տարի կաշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից․ «Գիտեք, որ 2018-ից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-ակում գտնվող բուհերից որեւէ մեկում: Մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 570 քաղաքացիներ օգտվել են տարկետման իրավունքից։ Նրանցից 57-ը դեռեւս շարունակում են իրենց ուսումնառությունը։ Ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն է վերադարձից հետո մեկնել ծառայության: Շրջանավարտներից 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը գտնվում են հետախուզման մեջ, իսկ 40-ը չեն ծառայել որեւէ այլ հիմքով»։
Կարդացեք նաև
Նախագծի հիմնավորումների համաձայն, սույն փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված բուհերում սովորելու համար արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձն ապահովելու եւ հնարավորություն ընձեռելու՝ իրենց գիտելիքները ՀՀ-ում կիրառելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































