Նախագծով առաջարկվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առեւտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման կարգավորումները, ԱԱՀ-ի հաշվարկման եւ վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացումը, ինչպես նաեւ հարթակների միջոցով ՀՀ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանց վաճառքների փաստաթղթավորմանը եւ հաշվետվողականությանը վերաբերող հարցերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսավարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակներով ԵԱՏՄ անդամ այլ պետությունում գտնվող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքները համարվելու են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքներ: Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ: Նախատեսվում է նաեւ պարզեցնել ՀՀ տնտեսավարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը: Նախագծով նաեւ սահմանվում է, որ առեւտրի էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
ԱԺ


















































