«Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի։ Չգիտենք՝ էդ Զանգեզուրն ինչ է, «Զանգեզուրի միջանցքը» ինչ է, մեր տարածքում ԹՐԻՓՓ նախագիծն է գործելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք «ԹՐԻՓՓ» են անվանում այդ ծրագիրը․ «Եվ ճիշտ է ասել, ընդհանրապես բոլորը պետք է ԹՐԻՓՓ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումն այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է։ Եվ ճիշտ կլինի, որ բոլորը տուրք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում՝ հիշատակելով իր անունն այս նախագծում։ Այս նախագծի լավը ո՞րն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, մեր հարեւանների ուզածով է, որովհետեւ պարզ է՝ եթե բոլոր ենթակառուցվածքներն ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարեւաններին»։
Անդրադառնալով հարցին, որ ԹՐԻՓՓ-ի բաժնետոմսերի միայն 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, իսկ 76 տոկոսը՝ ԱՄՆ-ին, Ռուբինյանն ասաց՝ եթե անգամ «ԹՐԻՓՓ»-ը 100 տոկոսով ամերիկյան լիներ, դրանից մեր ինքնիշխանությունը չէր տուժելու։ «Առանձնացնենք՝ ընկերության մեջ փայատեր լինելը եւ ընկերություն-պետություն հարաբերությունները։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ ՀՀ-ն ունի զրո տոկոս փայ, բայց դա չի նշանակում, որ պետությունն այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ եթե այդ ընկերությունը Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, համապատասխան փաստաթղթերով գրանցված է, հարկեր է մուծում, ենթարկվում է ՀՀ օրենքներին։ Բացի դրանից, կա արդեն բիզնես կառավարում, եւ քանի որ Հայաստանի կառավարությունն ունենալու է 26 տոկոս փայաբաժին, ինքն արդեն բիզնես կառավարման մեջ էլ իր ասելիքն ունի»,- ասաց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա հավաստիացրեց՝ փաստաթղթով արձանագրված է, որ հատկապես կարեւոր հարցերում անհնար է որոշում կայացնել՝ առանց այդ 26 տոկոս բաժնետիրոջ համաձայնության։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով


















































