«Համապատասխան փուլում մենք միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու և հարցաքննելու համար։ Կառավարության նիստի ընթացքում նրանց հայտարարությունները, զեկույցները, նրանց կողմից տրված հրահանգներն ու հանձնարարությունները կարող են էական նշանակություն ունենալ այս գործի վերաբերյալ հանրության վերջնական դիրքորոշման և ճշմարտության բացահայտման տեսանկյունից»,-Ազատի զինվորական կացարանում երեք տարի առաջ զոհված 15 զինծառայողների գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանի և ծնողների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Մինչ դատական նիստի մեկնարկը` մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը։
Նորայր Նորիկյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրում հունվարի 23-ին տեղի կունենա հերթական դատական նիստը, որի ընթացքում իրեղեն ապացույցներն են ուսումնասիրվելու․ «Դրանից հետո՝ հաջորդ դատական նիստից սկսած, մենք անցնելու ենք մեղադրյալների հարցաքննության փուլ։ Այս քրեական վարույթով ներգրավված են 5 մեղադրյալներ»։
Կարդացեք նաև
Փաստաբանը հայտնեց, որ նախատեսում են համապատասխան փուլում միջնորդություն ներկայացնել դատարանին դատակոչելու և հարցաքննելու սույն քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետներին, որոնց կարծիքները կարող են էական լինել գործի համար․ «Մեղադրյալների հարցաքննությունից հետո մենք՝ որպես տուժող կողմ համապատասխան փուլում ապացույցների ծավալը լրացնելով՝ միջնորդելու ենք դատարանին իրականացնել կրկնակի քննչական փորձաքննություն»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































