2025 թվականին ունենք 30 զոհված զինծառայողներ, այն պարագայում, երբ երկրի քաղաքական իշխանությունը անընդհատ խաղաղությունից է խոսում։ Ընդ որում, պատգամավորի հստակեցմամբ, դեպքերից 24-ը կապ չունեն ծառայության հետ պայմանավորված հանգամանքների հետ. խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով, որ սա արդյունք է երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարության անպատասխանատու վարքագծի եւ իրավիճակին չտիրապետելու։
Նա հետաքրքրվեց, թե բացի նրանից, որ Քննչականում գործեր են հարուցվում, ՊՆ-ում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում․ քանի՞ սպա կամ պատասխանատու այլ անձ է ենթարկվել պատասխանատվության։
Փոխնախարարն արձագանքեց, թե ՊՆ-ն միշտ պատասխանատվությամբ է վերաբերվել ցանկացած զինծառայողի մահվան դեպքին եւ դա իրենց համար միշտ շատ ցավալի է․ «Դուք կապում եք խաղաղության հետ՝ անտեսելով, որ 2025-ին հակառակորդի հետ շփման գծում մենք որեւէ մահվան դեպք չենք ունեցել։ Ինչ վերաբերվում է բանակում զոհերի թվին՝ համեմատության մեջ մենք ունենք դրական շարժընթաց։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց նաեւ համեմատության մեջ այն շրջանի հետ, երբ ՊՆ-ն ղեկավարվել է այն իշխանության կողմից, որի ներկայացուցիչը Դուք եք։ Բանակում միշտ եղել են նման դեպքեր։ Կխնդրեմ համեմատությունը եւ վերլուծությունն անեք այն շրջանի հետ, երբ ձեր քաղաքական ղեկավարությունն է եղել իշխանության»։
Թագուհի Թովմասյանը փոխնախարարին նախատեց՝ ասելով, որ իրեն խորհուրդներ տալու փոխարեն, իր հարցին հստակ պատասխան տա։
Կարդացեք նաև
Ըստ Արման Սարգսյանի, ՊՆ-ն եթե հետեւություններ չաներ, ապա դրական դինամիկա չէր ունենա․ 2024-ին ավելի քիչ զոհվածներ ենք ունեցել, 2025-ին՝ ավելի քիչ․ «Լավ բանը դուք չեք նկատում։ Ունենք դրական դինամիկա՝ դուք ինձ ասում եք՝ խորհուրդներ մի տվեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































