Ermenihaber/Ակոս. Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, «Birgün» օրաթերթի թղթակից Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ հենց սպանության վայրում։
Հիշատակի հավաքը կկայանա ժամը Թուրքիայի ժամանակով 14։30-ին, Շիշլի թաղամասում գտնվող Սեբաթ բնակելի շենքի դիմաց, որտեղ նախկինում գործել է «Ակոս» թերթի խմբագրությունը և որն այսօր գործում է որպես Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն։
Բացի այդ, երեկոյան՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն, հիշյալ շենքի վրա կցուցադրվեն Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատկերներ և հոլովակներ։ Դինքի հիմնադրամը քաղաքացիներին կոչ է արել շենքի կողքով անցնելիս «մի պահ հայացք բարձրացնել վերև»՝ մասնակցելով հիշատակի խորհրդանշական միջոցառմանը։
Հիշեցնենք` Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ հենց խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Կարդացեք նաև
Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի էին ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։


















































