2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։
2025 թվականին (2024-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։
Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։
Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին պարտքը կազմել է 7.5 մլրդ դոլար, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով կամ 17.3%-ով։ Այսինքն՝ ընդհանուր պետական պարտքի աճը պայմանավորված է առավելապես ներքին պարտքի աճով։ Ներքին պարտքը մեծապես ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերից է գոյանում։
Կարդացեք նաև
Ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Դրամային հաշվարկով՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պարտքը կազմել է 2.9 տրիլիոն դրամ։
Նույն ընթացքում արտաքին պարտքն աճել է 9%-ով կամ 0.6 մլրդ դոլարով՝ կազմելով 7 մլրդ դոլար։ Դա միջազգային կազմակերպություններից ու տարբեր պետություններից վերցված արտաքին վարկերն ու փոխառություններն են, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերը կամ նույն՝ եվրոբոնդերը, և փոքր մասն էլ՝ Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերն են։
Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մարում է նաև հին պարտքերը։
2025-ը ծանր տարի էր պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։ Դա ներառվեց Հայաստանի արտաքին պարտքի մեջ։
Պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք է վերցրել՝ եվրոբոնդերի թողարկումը։
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է նաև այս տարվա փոխառությունների տարեկան ծրագիրը։ Ըստ դրա՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 537 մլրդ դրամ և նախատեսվում է այն ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորել 210 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների հաշվին՝ 327 մլրդ դրամով։
Նույն ծրագրով սպասվում է, որ 2025 թվականի տարեվերջյան հաշվարկներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 49.5%, իսկ 2026-ի տարեվերջի դրությամբ՝ այն կավելանա 3.3 տոկոսային կետով և կկազմի 52.9%։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


















































