ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, կաշառքի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, գործարար Սևակ Գոմցյանը։
Չնայած մինչ այդ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր, և նրա համար շտապօգնություն էր եկել, այդուհանդերձ դատը շարունակվեց։
Դատավորը նշեց, որ նրա առողջական վիճակը չի կարող հանգեցնել խափանման միջոցի փոփոխման։ Դատավորը հրապարակեց նաև դատաբժշկական հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, որը նշանակվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Դատարանի կողմից հարցադրումներ էին հնչեցվել փորձագետներին։
Դատարանը հետաքրքրվել էր, թե Վարդան Ղուկասյանի մոտ առկա հիվանդությունները համապատասխանո՞ւմ են ՀՀ կառավարության որոշմամբ հրապարակված հիվանդությունների ցանկին, թե ոչ։ Փորձագետները նշել էին, որ չեն համապատասխանում, և ներկա առողջական վիճակով նա կարող է մասնակցել դատական նիստերին։
Կարդացեք նաև
Ըստ փորձագետների՝ Վարդան Ղուկասյանը ժամանակ առ ժամանակ կարիք ունի ստանալու բուժումներ՝ ենթարկվելով նեղ մասնագետների՝ էնդոկրինոլոգի, սրտաբանի բուժզննումներին, ստանալով նրանց կողմից նշանակված բուժումները, ինչը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։
Դատավորը նշեց, որ ըստ շտապօգնության՝ նրա վիճակը հեմոդինամիկ կայուն է։
Վարդան Ղուկասյանի շահերը պաշտպանող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ծանր իշեմիկ հիվանդությամբ տառապող անձի բուժօգնությունը քրեակատարողական հիմնարկում կազմակերպել հնարավոր չէ, հատկապես Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ բժիշկ գոյություն չունի։
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Վարդան Ղուկասյանն է վերահսկում իր շաքարը, գլյուկոզայի պարունակությունը արյան մեջ։
Զարուհի Փոստանջյանն անդրադարձ կատարեց նաև շտապբուժօգնության եզրահանգմանը՝ ասելով, թե ինչպես կարող է լինել կայուն վիճակ նման հիվանդության պայմաններում։
Նա հայտարարեց, որ դատաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը բացարձակ իրականությանը չի համապատասխանում։
Ըստ Փոստանջյանի՝ դատարանը պիտի գնահատի ախտորոշումները։ Նա միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հարգել իր պաշտպանյալի բուժօգնություն ստանալու իրավունքը, համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրան տեղափոխեն բուժհաստատություն, որտեղ նա կկարողանա ստանալ նեղ մասնագետների բուժօգնությունը։
Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, քանի որ այդ բուժօգնությունը նրան չի տրամադրվել, հայտ է ներկայացրել, որպեսզի շտապօգնություն գա, սակայն մուտքը արգելվել է քրեակատարողական հիմնարկ, նրա անձնական բժշկի մուտքը ևս արգելվել է։
Ըստ նրա՝ երեք ամիս է, ինչ նրան համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել։
Ըստ փաստաբանի՝ չգիտի, թե ինչ առողջական վիճակով է Վարդան Ղուկասյանը մուտք գործել քրեակատարողական հիմնարկ և դրանից հետո որքանով է վատթարացել նրա առողջական վիճակը։
Վարդան Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ Արամայիս Հայրապետյանը, նշեց, որ դատարանի հարցադրումների և բժշկական փորձաքննության եզրակացության միջև անհամապատասխանություն կա։ Դատարանը հետաքրքրվել է, թե ինչ պայմաններում է անհրաժեշտ կազմակերպել Վարդան Ղուկասյանի բուժօգնությունը, մինչդեռ այդ եզրակացության մեջ ոչինչ նշված չէ։ Հայտնի չէ՝ նրա բուժօգնությունը ամբուլատոր, թե ստացիոնար պայմաններում է անհրաժեշտ։ Նշված չէ նաև, թե ինչ տիպի բուժհաստատություններում նա բուժման կարիք ունի։
Ըստ Արամայիս Հայրապետյանի՝ կառավարության որոշմամբ անհրաժեշտ է հիվանդությունների համակցությունն ուսումնասիրել, որը տվյալ դեպքում անհամատեղելի է կալանքի կրման պայմաններին։ Եթե, ըստ փաստաբանի, առանձին հիվանդություն չի համապատասխանում կառավարության որոշմամբ հրապարակված ցանկին, ապա հիվանդությունների համակցությունն է համապատասխանում։ Իսկ տվյալ դեպքում հիվանդությունների համակցումը անհամատեղելի է կալանքի կրման պայմաններին, մինչդեռ փորձագետների կողմից հիվանդությունների համակցումը չի գնահատվել։ Կառավարության որոշման 60-րդ կետը հենց նման ձևակերպում ունի։
«Լրացուցիչ փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն կա»,– ասաց Արամայիս Հայրապետյանը։
Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ Վարդան Ղուկասյանի մոտ առկա է սրտի իշեմիկ հիվանդություն, որը հստակ ներառված է կառավարության կողմնորոշիչ ցանկում։
Շաքարային դիաբետի երկու ծանր աստիճաններն ևս ներառված են կառավարության ցանկում, ինչը առկա է Վարդան Ղուկասյանի մոտ։ Նրա մոտ առկա է նաև սրտի ռիթմի խանգարում։ Զարուհի Փոստանջյանը հերթով ընթերցեց փորձագետների ախտորոշումները։
Դրանք կառավարության կողմնորոշիչ ցանկում ներառված հիվանդությունների ցանկի հետ են համընկնում, մինչդեռ, ըստ փաստաբանի, փորձագետները դրանք անտեսել են։
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Վարդան Ղուկասյանի սիրտը մատակարարող անոթները խցանված են, սրտի ռիթմը խանգարված է, սրանք ևս ներառված են կառավարության որոշման մեջ։
«Այսինքն՝ էս տեսակի հիվանդություններով տառապող մարդը պիտի անցկացնի կալանքը քրեակատարողական կենտրոնո՞ւմ, որտեղ մի բժիշկ գոյություն չունի»,– հարցրեց Զարուհի Փոստանջյանը։
Վարդան Ղուկասյանը ևս ձայն խնդրեց՝ ասելով․ «Գիտեք, էդ քրեակատարողական հիմնարկում, որ նայում ես իրենց բուժկետը, ոչ մի սարքավորում չկա, բացի ճնշում չափելուց։ Մի հատ բժիշկ է աշխատում՝ էն «Տրի պլյուս դվա» ֆիլմը տեսե՞լ եք, որ ձեռք է տալիս, ասում է՝ բռըը։ Էդ մակարդակի մասին է խոսքը։ Ես, որպես գյումրեցի, հումորով եմ խոսում․ էնտեղ ոչ մի մասնագետ չկա։ Այսինքն՝ ի նկատի ունեցեք, կարող է մի օր մարդ ուղարկեք, գնան, տեսնեն՝ ինչ վիճակ է։ Բացի դրանից, էս հիվանդությանը պետք է անպայման քայլել, դրսում քայլել չկա, երեք քայլ չես կարող անել։ Չնայած հոգատար վերաբերմունք կա մարդկանց կողմից, բայց պայմանները պայմաններ չեն։ Հետո ես հիվանդությունների հետ կապված էլ բժշկի չեմ գնում, իր ապրած կյանքով էդպիսի բնավորություն ունեմ, ոչ էլ լաց եմ սիրում»։
Դատարանը նշեց, թե չունի հիմնավոր փաստեր կասկածի տակ դնելու բժիշկների փորձագիտական եզրակացությունը։ Զարուհի Փոստանջյանը միջնորդեց Վարդան Ղուկասյանին ուղղորդել բժշկական կենտրոն, որպեսզի ստանա համապատասխան բուժօգնություն։
Արամայիս Հայրապետյանն էլ նշեց․ «Մարդը նստած է մեր կողքը ու վատ է իրեն զգում»։
«Ձեզ կիսատ եմ տեսնում, կիսատ եմ լսում, դոշերս ցավում են, սիրուն էլ չէ, կանգնեմ, ասեմ, ողբ անեմ, իրոք էդպես է»,– ասաց Վարդան Ղուկասյանը։
Դատախազը նշեց, որ նիստը պետք է շարունակվի, հատկապես երբ պաշտպաններն են այդ մասին բարձրաձայնում, ոչ թե Վարդան Ղուկասյանը։
Դատախազներից մեկն էլ առաջարկեց նորից շտապօգնություն հրավիրել՝ հասկանալու Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, այլապես կստացվի, որ նիստը անհարկի հետաձգվում է։
«Եթե պարոն Ղուկասյանը ամենածանր վիճակում էլ լինի, հույս չունենաք, որ նրա առոգանությունը կամ խոսելու ձևը կփոխվի կամ ինքը ընկճված կերևա։ Ինքը ամենավատ վիճակում էլ այդպիսին է։ Եթե նա կիսատ է լսում, կիսատ է տեսնում հիվանդությունների պատճառով, և եթե նման պայմաններում պիտի շարունակեք, շարունակեք»,– ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նա նշեց, որ սա երկրորդ դատական նիստն է, և եթե ուզեր ձգձգելու, Գյումրիից Երևան ճանապարհը սառցակալված լինելու պատճառով չէր գա։
Դատարանը որոշեց շտապօգնություն հրավիրել, որպեսզի վատ զգալու դեպքում օգնություն ցուցաբերվի, և շարունակեց նիստը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































