«Քանի որ ՀԱԵ-ն ամենաշատ պատմամշակութային հուշարձաններ տիրապետող կրոնական կազմակերպությունն է, պարզ է և տրամաբանական է, որ առաջին հերթին այս ուղղությամբ են մեր մտքերն ուղղված»,- խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ ներկայացնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը հեղինակել են իշխանական պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ նախագծի՝ արգելք կա հուշարձաններն օտարելու առանց կառավարության համաձայնության։
Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ ՀԱԵ-ն 360-ից ավել եկեղեցիների և վանքերի է տիրապետում սեփականության իրավունքով, այդ թվում՝ նաև 2010 թվականից հետո կառուցված բոլոր եկեղեցիները, որոնք հուշարձանի կարգավիճակ չունեն։
Թագուհի Ղազարյանը հայտարարեց՝ Եկեղեցու գույքի սեփականության իրավունքի փոփոխության նախադեպեր չեն եղել, բայց, վկայակոչելով Մասյացոտնի թեմի նախկին ղեկավար Գևորգ սրբազանին, ասաց, որ եկեղեցին իր փաստացի ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր։ Նա հիշեցրեց տեր Ասողիկ քահանայի այն հայտարարությունը, որ ՀԱԵ-ին պատկանող Գեղարդից փշրանք է նվիրվել ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսի պատրիարքին՝ նրա ծննդյան 75-ամյակի առիթով՝ եզրակացնելով, որ ՀԱԵ-ն նման վերաբերմունք կարող է դրսևորել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող եկեղեցիների նկատմամբ․ «Մեկ այլ առաջնորդի ծննդյան առիթով, օրինակ, կարող են մի փոքրիկ ավանդատուն նվիրել, եթե Սուրբ Գեղարդից մի փշրանք նվիրելը համարվում է լիակատար իրավունք, ու ոչ ոք իրավունք չունի ձայն անգամ արձակելու»։
Ռուբեն Ռուբինյանն իր հարցում հեգնեց՝ ասելով․ «Փաստորեն Լուսավորչի աջը կաթողիկոսը կարող է Ռոբերտ Քոչարյանին նվիրել կամ Սուրբ Գեղարդը նվիրել ռուսաստանցի գործարարին (նկատի ունի Սամվել Կարապետյանին – Ն․ Գ․)»։ Նա հայտարարեց․ «Հայր Ասողիկը սխալվում է, ես կհանդգնեմ ձայն հանել» և առաջարկեց նաև մասունքների մասով մտածել։ Թագուհի Ղազարյանն ասաց՝ մտածում են։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկեց՝ հստակ խոսել, քանի որ գույքը այլ բան է, մասունքները՝ այլ, ընծայաբերումը՝ այլ, և սահմանված կարգ ունի։ Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություններ ունի՝ ինչո՞ւ այլ հուշարձանների վրա չի տարածվում առաջարկը, այլ միայն ՀԱԵ-ի սեփականություն հանդիսացող գույքին է վերաբերվում։
«Մնացած շենքերի հետ ես գործ չունեմ, 800–900 շենքեր են, ինչ ուզում են՝ թող անեն»,- այդ առիթով ասաց Թագուհի Ղազարյանը՝ հիշեցնելով, որ հուշարձանների պաշտպանության համար կարգեր են սահմանված․ «ՀԱԵ-ն Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպություն է։ Կա ՀԱԵ ուղղափառ եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը, դա ՌԴ-ում գրանցված կազմակերպություն է, որի անունը հայկական է, որովհետև ներքին կապ ունի, ոչ թե ընթացակարգերով։ Ոչ մի միջպետական համաձայնագիր այդ առումով չկա։ Կարա՞ եկեղեցիները նվիրի այս թեմին, մանավանդ, որ հնչում են, չէ՞, առաջարկներ՝ Աթոռը Ռուսաստան տեղափոխելու։ Կարա, ու հետո կդառնա, որ այդ սեփականությունն այլևս ՀՀ ժողովրդի սեփականությունը չի»։
ՔՊ-ական Մարիա Կարապետյանն էլ հայտարարեց՝ «սրանք անհիմն վախեր չեն, ռեալ ռիսկեր են» և մտավախություն հայտնեց այն առիթով, որ նախագծով սահմանված է՝ պետությունը երեք հիմքով պետք է ապացուցի իր իրավասությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հիշեցրեց՝ ՀԱԵ-ն այս տարիների ընթացքում հազարավոր կոթողներ է վերականգնել, և այսօր ՔՊ-ն ջանք չի խնայում թիրախավորելու Եկեղեցին․ «Բոլոր խոսակցությունները, որ Գեղարդը նվիրել են, կեղծ պնդում է, փշրանքներ են նվիրաբերվել, և դա արվում է փոխադարձության սկզբունքով։ Նույն Համայն Ռուսիո պատրիարքը իրենց պատկանող շատ արժեքավոր իկոնա է նվիրաբերել ՀԱԵ-ին։ Այսինքն՝ ուրիշ կրոնական կազմակերպությունները կարող են ՀԱԵ-ին նվիրաբերել որոշ արժեքավոր բաներ, ՀԱԵ-ն չի՞ կարող սիմվոլիկ բաներ․․․ ուզում եմ նախադեպը հասկանամ՝ աշխարհում կա՞ մի նախադեպ, որ ինչ-որ կրոնական կազմակերպության ցուցում տան, ասեն՝ դու սա պիտի անես, էն չպիտի անես»։
Գառնիկ Դանիելյանը Թագուհի Ղազարյանին հիշեցրեց իրենց ու ՔՊ-ի տարբերությունը․ «Ձեր կողքին կանգնած հոգևորականներից մեկն ասում էր՝ հրաշք է կատարվել, Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարել են։ Ասում է՝ Սուրբ Հոգին բան արեց, Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին․․․ այդ մարդկանց հետ եք դուք ճանապարհ գնում, իսկ մենք հպարտ ենք՝ ում հետ ճանապարհ ենք գնացել, և ես համոզված եմ, որ այդ մարդիկ դեռ մեծ դերակատարում են ունենալու մեր հոգևոր և պետական կյանքում»։
«Փշաքաղվեցի»,- տեղից ռեպլիկ նետեց Գառնիկ Դանիելյանը, երբ Թագուհի Ղազարյանը հայտարարում էր, որ 2018-ից ի վեր ՔՊ-ն ավելի շատ գումարներ է հատկացրել եկեղեցաշինության համար, իսկ ընդդիմությունը դեմ է քվեարկել այդ բյուջեներին։
«Իսկ կարո՞ղ է մի քիչ կամաց փշաքաղվեք՝ թողնեք մարդն ավարտի»,- հեգնեց Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































