«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։
Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:
2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։
Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների։
Կարդացեք նաև
Անուբաղ Համբարյանը 2025թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Ռոմանոս Պետրոսյանի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով:
ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա. Համբարյանը, զբաղեցնելով գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը, առանց իրավական հիմքի ենթադրել է, որ իր աշխատավայրը ոչ թե ընկերության գլխամասի և գլխավոր տնօրենի (այդ թվում՝ ժամանակավոր կառավարչի) գտնվելու վայրի հասցեն է (ք. Երևան), այլ ընկերության «Դեբետ» մասնաճյուղի գլխամասային մասնաշենքի (ք. Վանաձոր) հասցեն: Առանց որևէ գործողություն կատարելու ստացել և, ըստ ՀԷՑ-ի, անհիմն սպառել է ամսական 300 լիտր բենզին՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Դատարանը գտել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական հիմքը, այլ պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների մասին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































