Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն, վիճաբանություն Զարուհի Փոստանջյանի հետ․ Վարդան Ղուկասյանին դատարանից տեղափոխեցին հիվանդանոց

Հունվար 19,2026 21:03

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում մեղադրող կողմը բավական մանրամասն ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։

Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանի կողմից Վարդան Ղուկասյանի, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, գործարար Սևակ Գոցյանի բջջային հեռախոսներով հաղորդակցության վերահսկողության թույլտվության, նրանց նկատմամբ իրականացված ներքին ու արտաքին դիտումների, օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու արձանագրություններ։

Նա նշեց, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք փաստական տվյալներ այն մասին, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից տեղեկացվել է գործարար Սևակ Գոմցյանին հուզող հարցի մասին, և որ Վարդան Ղուկասյանի ու Հենրիկ Գասպարյանի միջև տեղի են ունեցել խոսակցություններ այն մասին, որ Սևակ Գոմցյանի ապօրինի շինությունը միգուցե չքանդվի, եթե նա դրա դիմաց գումար տա։

Ըստ դատախազի, գաղտնալսումներում կան Հենրիկ Գասպարյանի և Սևակ Գոմցյանի միջև տեղի ունեցած զրույցները, որոնք կատարվել են Վարդան Ղուկասյանի հանձնարարությամբ։ Ըստ մեղադրող կողմի, այդ խոսակցությունների ընթացքում բանակցություններ են վարվել ու սակարկություններ տեղի ունեցել շինությունը չքանդելու, իբր քանդված ցույց տալու ու գումար պահանջելու մասին, որը կազմել է 4 միլիոն դրամ։

Դատախազը նշեց, որ աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել ու մի շարք փաստաթղթեր են ձեռք բերվել․ դրանք տեղեկություններ են պարունակում Սևակ Գոմցյանի պատկանող շինությանն ու դրա հետ կապված գործընթացների մասին։

Ըստ նրա, այս ամենը բավարար է մեղադրական վերդիկտ կայացնելու համար։

Դատարան եկավ շտապօգնության մեքենան, Վարդան Ղուկասյանին տարան բուժզննության, այդ ընթացքում նա բացականչեց, որ այս ամենը քաղաքական պատվեր է, ուրիշ ոչինչ։

«Ինչ խոսվեց, դրա պատասխանները հերթով կտամ, էնպես կտամ, հանգիստ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Դատարանը տաս րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո դատական նիստը շարունակվեց առանց Վարդան Ղուկասյանի։

Դատավորն իր խոսքերով ասած՝ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ, որը, ըստ նրա, հուշել են իր գործընկերները։ Ըստ դատավորի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր նախագահությամբ Ոսկանյանի 2025 հուվարի 13-ին մեղավոր է ճանաչել Զարուհի Փոստանջյանին Քրեական օրենսգրքի 507 հոդված առաջին մասով նախատեսված հանցագործության մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք։ Գործը հասել է Վճռաբեկ դատարան, որը մերժել է Զարուհի Փոստանջյանի բողոքը։

«Առկա է կասկած պաշտպան Զարուհի Փոստանջյանի դատական նիստին ներգարվվելու մասնակցությամբ, հետևաբար դատարանը համապատասխան գրություն կհասցեագրի փաստաբանների պալատին՝ հասկանալու ձեր արտոնագրի գործողությունը դադարեցված է, թե ոչ, ձեզ էլ կառաջարկի ներկայացնել ձեր դատվածության հանված կամ մարված լինելու մասին տեղեկություններ», -ասաց դատավորը։

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ովքեր են դատավորի գործընկերները, որոնք նման տեղեկություններ են տրամադրել՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Կարեն Անդրեասյանը։

Զարուհի Փոստանջյանին անչափ զայրացրեց դատավորի ասածը, նա նշեց, որ ինքը պետական բյուջե վճարել է տուգանք, դատվածություն չունի, փաստաբանի արտոնագրից զրկված չէ, հետևաբար և դատարանը սպառնալիք է հնչեցնում իր նկատմամբ։

«Ես դատվածություն չունեմ, Նիկոլ Փաշինյանի գործակալ, հողերը հանձնող՝ գումարների դիմաց, նախորդ իշխանությունների բերված, խորհրդարան մտցված խոսքերի համար, այո, ես դատապարտվել եմ, գումարը մուծել եմ, դատվածություն չունեմ, արտոնագիրս ուժի մեջ է, խնդրում եմ իրազեկեք հանրությանը՝ ով է ձեր այդ գործընկերը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Կարեն Ադրեասյա՞նը, թե՞ Միշիկի եղբայր Գրիշիկը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Դատավորն ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար դատարանը նկատողություն է տալիս նրան։

Վարդան Ղուկասյանի մյուս փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանն առարկություն ներկայացրեց, նա նշեց, որ դատարանը փաստաբանների պալատից պետք է պարզեր Զարուհի Փոստանջյանի արտոնագիրը գործում է, թե չի գործում, և նոր քննարկեր վարույթից հեռացնելու մասին։ Դատավորը նշեց, որ վարույթից հեռացնելու հարց չի քննարկում։

Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ ևս նշեց, որ գումար է մուծել։

«Այո, Նիկոլ Փաշինյանը գործակալ է, նախորդ իշխանությունները բերել, մտցրել են խորհրդարան, այո Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնել է։ Եվ դրա դիմաց գումար եմ մուծել՝ 525 հազար դրամ»,-կրկնեց Զարուհի Փոստանջյանը։

Դատավորը դատական նիստը չշարունակեց առանց Վարդան Ղուկասյանի։ Նա ընթերցեց շտապօգնության կազմած տեղեկանքը, համաձայն որի՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ, և որ նրան շտապ պետք է տեղափոխել հիվանդանոց։

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031