«Ինքնին արձանագրված խախտումները, որոնք մեր կարծիքով՝ չեն հաստատվում, չեն բերում լիցենզիայից զրկման։ Համապատասխանաբար գտնում ենք, որ պատասխանատվության միջոցն անհամաչափ է»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց «Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա ասաց՝ հիմնավորումների, հղումների մեջ չի տեսնում, որ խախտումները կրկնվել են․ «Չեմ տեսնում, որ նույն բանի համար ասել են՝ մեկ անգամ պատժեցինք, տուգանեցինք, դու շարունակում ես այդ խախտումն անել։ Ընդ որում, մեկ անգամը բավարար չէր լինի լիցենզիայից զրկելու համար։ Խախտումների ազդեցությունն ընկերության կայունության վրա, եթե իրենց հաշվարկներով նայում ենք, մեկ տոկոսի էլ չի հասնում։ Մենք տեսնում ենք, որ ի սկզբանե ինչի համար վարույթը հարուցվել է, հերքվել է։
Մնացած խախտումներից յուրաքանչյուրի համար, երբ ենթադրաբար ինչ-որ տեսուչ կարող է որոշակի քանակի սխալ գրանցումներ անել, եթե այդ խախտումը հաստատված լիներ, դրա համար այլ պատասխանատվության միջոց պետք է կիրառվեր՝ տուգանք վճարելու պարտականություն։ Հետևաբար ունենք իրավիճակ, որ համակարգային խախտումները չեն արձանագրվել, ենթադրյալ խախտումների մասին իմացել են շատ ավելի վաղ, և դրանք հիմնավորված չեն»։
Արամ Օրբելյանը նաև նշեց՝ մոռացվում է ամենակարևորը, որ ՀԷՑ-ը մասնավոր կազմակերպություն է․ «Օրենսդրությանը և լիցենզիայի պայմաններին ենթարկվող, բայց մասնավոր կազմակերպություն է։ Պետական կառույց չէ, ուղղահայաց կառավարման ոլորտում չէ, այլ կարգավորման։ Կարգավորման ոլորտում ՀԷՑ-ն ունի ազատություններ՝ այդ թվում ֆինանսական և տեխնիկական զարգացման ուղղությունները։
Կարդացեք նաև
Ակնհայտորեն սահմանված պատասխանատվության միջոցն՝ իր տնտեսական հետևանքներից սկսած, ամեն ինչով ավարտված, անհամաչափ է։ Այսինքն՝ երբ մենք նայում ենք վարույթը սկզբից մինչև վերջ, ենթադրվում էր, որ պետք է ինը կետերը հաստատվեին, պարզվեր, որ ՀԷՑ-ն ընդհանրապես ներդրումներ չի անում, ՀԷՑ-ի գործողությունների կամ անգործության պատճառով օդային կամուրջը չի իրականացվել, հեսա-հեսա հոսանքազրկումներ են տեղի ունենալու ամբողջ Հայաստանում, ընդհանրապես ոչ մի ներդրում չի իրականացվել, հաշվիչ սարքերը փչացած են, այն վիճակն էր, որ ընդհանրապես իմաստ չունի տուգանք կիրառել։ Բայց դա չենք տեսնում»։
Արամ Օրբելյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայցվորը՝ «Տաշիր կապիտալը», ՀԷՑ-ը չի մասնավորեցրել․ «Մասնավոր կազմակերպությունը ձեռք է բերել կարգավորման ոլորտի կազմակերպություն և համապատասխան միջոցները»։
Պատասխանողի ներկայացուցիչը, անդրադառնալով հայցվոր կողմի ներկայացրած հայցի առարկային և հիմքին՝ նշեց․ «Հայցվորի դիրքորոշումը հիմնված է իրավական որևէ հիմնավորում չունեցող պնդումների վրա և մի շարք դեպքերում անգամ իրավականորեն անընդունելի անալոգիաների վրա։ Հստակ ընդգծում եմ, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է գործող կարգավորումների համապատասխան՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, դրա ընդունմանը նախորդած վարչական վարույթը հարուցվել է գործող իրավակարգավորումներին լիովին համապատասխան»։
Անդրադառնալով հայցվորի հիմնական պահանջին՝ նա նշեց՝ հանձնաժողովի 2025-ի գործողությունները լիովին համապատասխանում են գործող իրավակարգավորումներին և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու իրավական հիմքերը հիմնավորված են։
Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ գործ ունենք առանձնահատուկ վարչական վարույթի հետ․ «Դրանից հետևում է, որ հանձնաժողովն այդ վարչական վարույթի շրջանակում կարող է և պետք է վեր հանի էներգետիկայի բնագավառում օրենսդրությամբ, իրավական ակտերով սահմանված հնարավոր խախտման բոլոր դեպքերը։
Տվյալ դեպքում վարույթ հարուցելու հիմքը հանդիսացել է ՏԿԵ նախարարության՝ որպես լիազոր մարմնի 2025-ի հուլիսի հաղորդումը, որը մասնավորապես վերաբերել է համակարգային վթարներին, դրանց անթույլատրելի չափին, դրանց հետևանքով սպառողների հոսանքազրկումներին և այլն։
Վարչական վարույթն իրականացվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով վարչական վարույթի մասնակիցների պատշաճ վարչարարության իրավունքը, վարչարարական ակտի հիմքում դրված են բացառապես թույլատրելի ապացույցներ, իսկ վարչական ակտը պատճառաբանված, հիմնավորված է։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































