Պետական մեխանիզմը, որը տեսականորեն պետք է ծառայեր ամբողջ հասարակության բարօրությանը, փաստորեն վերածվել է «ընտրյալների» համար արտոնությունների և հնարավորությունների աղբյուրի։
Կոնկրետ փաստերը ինքնին խոսուն են։ Գոյություն ունեն բազմաթիվ օրինակներ, երբ նախկինում համեստ ֆինանսական պայմաններում ապրող անձինք, հայտնվելով պետական ծառայության մեջ կամ իշխանական խմբակի հետ կապված լինելով, կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել թանկարժեք անշարժ գույք, «էլիտար» տեղամասերում բնակարաններ, ճոխ ավտոմեքենաներ և այլ նյութական արժեքներ։ Այնինչ, սա ընդամենը երևացող մասն է, չի բացառվում, որ չերևացող մասն անհամեմատ մեծ է։ Մյուս կողմից էլ՝ նման գույքերի ձեռքբերման աղբյուրները հաճախ մնում են անորոշ և թափանցիկ չեն, ինչը հարուստ հող է ստեղծում կասկածների համար։ Պատահական չեն ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ գտնող հրապարակումները կոռուպցիոն սխեմաների, շահերի բախման, պետական պատվերների անարդար բաշխման և այլ արատավոր երևույթների, մի խոսքով՝ իշխանություն ունենալով հարստանալու բազմաթիվ «ձևերի» մասին։
Այս իրավիճակը դառնում է հատկապես անընդունելի, երբ համեմատվում է հասարակ պետական ծառայողների և հասարակության լայն զանգվածների վիճակի հետ։ Օրինակ՝ պետական համակարգում աշխատող սովորական, «ոչ արտոնյալ» աշխատակիցները, ովքեր ամենօրյա ռեժիմով կատարում են իրենց պարտականությունները, ստիպված են գոյատևել չնչին աշխատավարձով, որը հաճախ չի բավարարում նույնիսկ կյանքի տարրական կարիքների ապահովմանը։ Այս մարդիկ պետք է բավարարեն խիստ մասնագիտական պահանջների, անցնեն պարբերական ատեստավորումներ, ապացուցեն իրենց որակավորումը, բայց սա չի երաշխավորում նրանց համար արժանապատիվ վարձատրություն։ Մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների համար գործում են կամայական չափանիշներ, որոնք հազվադեպ են ենթադրում խիստ պրոֆեսիոնալ գնահատում, ավելի ստույգ՝ մեծամասամբ չեն էլ ենթադրում։ Նրանց նշանակումները գերազանցապես հիմնված են անձնական կապերի, քաղաքական հավատարմության և այլ սուբյեկտիվ գործոնների վրա, ոչ թե կոնկրետ մասնագիտական ունակությունների։
Վարձատրության համակարգը, որը կիրառվում է պետական հատվածում, ցայտուն ցույց է տալիս առկա անարդարությունը։ «Ոչ արտոնյալ» աշխատողները ստանում են համեմատաբար փոքր աշխատավարձ, որը հազիվ թույլ է տալիս ապահովել ընտանիքի ամենաառաջնային կարիքները։ Շատ դեպքերում մարդիկ ստիպված են փնտրել լրացուցիչ եկամտի աղբյուրներ, միաժամանակ աշխատել մի քանի տեղ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության, ընտանեկան կյանքի և ընդհանուր բարեկեցության վրա։ Նրանք գտնվում են մշտական ֆինանսական սթրեսի ներքո, երբ յուրաքանչյուր անսպասելի ծախս կարող է խախտել արդեն առանց այդ էլ փխրուն հավասարակշռությունը։
Կարդացեք նաև
Հակառակ կողմում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են աշխատավարձեր, որոնք գերազանցում են սովորական աշխատողների վարձատրությունը տասնապատիկ կամ նույնիսկ ավելի մեծ հարաբերակցությամբ (էլ չենք խոսում թոշակառուների կենսաթոշակի ու նշյալների եկամուտների մասին): Բայց դա միայն վարձահատուցման համակարգի մի մասն է։ Նրանք ստանում են զանազան պարգևավճարներ, որոնք հասնում են միլիոնավոր դրամների։
Պետական ծախսերի վերլուծությունը բացահայտում է նաև լրացուցիչ այլ խնդիրներ։ Պետական բյուջեից կատարվող ծախսերը, որոնք պետք է ծառայեին հանրության բարօրությանը, հաճախ ուղղվում են կասկածելի նպատակների։ Թանկարժեք միջոցառումներ, որոնք ունեն սահմանափակ հասարակական արժեք, անհասկանալի նախագծեր, որոնց արդյունավետությունը դժվար է չափել, խորհրդակցական ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը մնում է կասկածելի։ Ընդ որում, նման ծախսերը իրականացվում են այն ժամանակ, երբ սոցիալական ոլորտը տառապում է ֆինանսավորման պակասից, երբ հիվանդանոցներում բացակայում են անհրաժեշտ սարքավորումները, երբ առաջնային ենթակառուցվածքները մնում են վատ վիճակում։
Այս ամենի ֆոնի վրա հասարակ քաղաքացիների համար նախատեսվող սոցիալական աջակցությունը նվազագույն է։
Իրական լուծումը պետք է լիներ աշխատավարձերի ու կենսաթոշակների էական բարձրացումը։ Եթե իշխանությունները իսկապես հոգ են տանում «հպարտ քաղաքացիների» վիճակի բարելավման մասին, այլ ոչ թե, սովորության համաձայն, սոսկ շոու անում, նրանք պետք է մտածեին ոչ թե կոսմետիկ միջոցների մասին, այլ քայլեր ձեռնարկեին համակարգային բարեփոխումների ուղղությամբ, որոնք կապահովեին արժանապատիվ վարձատրություն բոլոր աշխատողների համար։ Ուղղակի երևի այդ դեպքում մի քիչ կպակասեին քպական պաշտոնյաների եկամուտները, իսկ դա, հասկանալի է, նրանց ձեռնտու չէ: Ուրեմն, մեր սիրելի հայրենակիցները պետք է բավարարվեն չեղածով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ականները ճոխ ապրեն, դե, ինչպես հայտնի հեքիաթում՝ կոկոսի մեջ…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































