«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա անդրադարձավ «ԹՐԻՓՓ» ծրագրին, ասաց, որ այս վիճակով այն ծրագիրն ընդունելի չէ իրենց համար։ Բայց, իհարկե, բանակցելու տեղ կա, եթե Հայաստանը կարողանա ճիշտ բանակցություններ վարել, եւ «ԹՐԻՓՓ»-ը չդառնա կռվախնձոր, այլ մեր բոլոր ռազմավարական գործընկերներին համախմբելու միջոց, դա կարող է լավ աշխատել։ «Մենք ասել ենք՝ չի կարող ԹՐԻՓՓ-ը սահմանափակվել քո տարածքով միայն, ինչո՞ւ պետք է 43 կմ լինել, եթե մենք խոսում ենք խաչմերուկի մասին, դա առնվազն պետք է գա հասնի մինչեւ Երասխ։ Ադրբեջանն էլ մի կողմից՝ այդ նույն ԹՐԻՓՓ-ի տրամաբանությամբ պետք է հաղորդակցության հնարավորություն տա։ Փոխադարձության մասին են այսքան ժամանակ խոսում, այստեղ ի՞նչ փոխադարձություն ենք տեսնում, մեր տարածքի վրա բոլորը ինչ-որ դիվիդենտներ ու հնարավորություններ են ստանում, բայց մենք ի՞նչ ենք ստանում իրենց տարածքներից»,- նշեց Ռուստամյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ «ԹՐԻՓՓ»-ի բաժնետոմսերի միայն 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, իսկ 76 տոկոսը՝ ԱՄՆ-ին։ «Չի կարող քո տարածքով անցնել, եւ դու գոնե կես-կես չլինես։ Սա մեզ այն աստիճանի նվաստացնող բան է, ինչի՞ց են սկսել, որ հասել են 26 տոկոսի, հարց է առաջանում։ Ճիշտ է ասում պարոն Օսկանյանը, եթե լուռ նստեինք այնտեղ, կարող է ավելի լավ վիճակ ունենայինք»,- ասաց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ սա փաստում է՝ Հայաստանը բանակցություններում սուբյեկտ չէ այսօր, օբյեկտ է, մենք սեղանի վրա ենք, սեղանի շուրջ չենք։ «Մենք այնտեղ նստում ենք ձեւական, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կռճոն տրամադրեն»։
Նա անդրադարձավ նրան, որ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունում նշվում է՝ անխոչընդոտ կապ պետք է ապահովվի Ադրբեջանի երկու մասերի միջեւ։ «Այսինքն՝ այդ անխոչընդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են՝ մենք խնդիր ունենք, եւ այդ անխոչընդոտությունը պետք է ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահներն անձնագրերն են ստուգելու, մաքսային ծառայություններ ենք անելու, բայց խորամանկորեն գրել են՝ «ֆրոնտ օֆիս», «բեք օֆիս» հասկացությունները։ Սա նշանակում է, որ մերոնք լինելու են «բեք օֆիսում» ինչ-որ տեղ նստած, «ֆրոնտ օֆիսը» լինելու է այն, ինչ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը։ Եվ կապահովվի Ալիեւի պահանջը, այսինքն՝ իրենք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Դժբախտաբար, այն, ինչ ենք լսում ենք մեր հարեւաններից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են, այն, ինչ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռուստամյանը նշեց, որ մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, քանի որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ «Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանությունը պահպանելու հարցն է լուծում։ Երբ այդ տեսանկյունից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է։ Բնականաբար, ինքն ուզում է իր իշխանությունը պահպանել, եւ դա միայն մի ձեւով կարող է անել՝ ստանալ այսպիսի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձելով օգտագործել նախընտրական քարոզչության մեջ։ Այսինքն՝ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը հերթական անգամ դարակազմիկ խաղաղություն է բերել։
2021 թվականին էլ էր նույն բաներն ասում՝ իբր թե մենք պատերազմ էինք բերում, ինքը եկել է, խաղաղություն է բերում։ Տեսանք՝ ինչ բերեց․ 2021-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք։ Այսինքն՝ խաղաղություն ասվածը հերթական փուչիկն էր, եւ մեր ժողովուրդը ճիշտ չգնահատելով՝ 2021 թվականին նորից ձայն տվեց այս իշխանությանը։ Հիմա ինքը նույն հնարքը նորից ուզում է իրականացնել։ Տեսել է, որ հեշտ խաբվող մի հասարակություն է ձեւավորվել, որին կարելի է մատուցել նման գաղափարներ, մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները մի կողմից դարձել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամները, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խաբել ու քվե ստանալ։ Այսինքն՝ իր խնդիրը իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների համար անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարեւոր չէ, իրենց պետք է մի տարածք, որտեղ իրենք իշխանություն կունենան․ «29 743 քկմ մասին արդեն խոսելն անիմաստ է, որովհետեւ չունենք այդքան։ Թե վերջում ինչ կմնա, թող ժողովուրդը որոշի։ Վերջում կարող է մնա մի տարածք, որտեղ կառավարության շենքը կլինի, իշխանությունը կունենան վերահսկելի մի տարածություն եւ կասի՝ սա մեր երազած իրական Հայաստանն էր»։
Անդրադառնալով «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ Իրանից հնչող մտահոգություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Իրենք ստանալու են իրենց սահմաններին կպած մի իրավիճակ, որ անընդհատ իրենց համար խնդիր է ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասով։ Հիմա այդ կոնֆլիկտը գալիս իրենց դռան դեմն է կանգնում, ինչքանո՞վ է լավ լինելու»:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































