ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկան՝ նախևառաջ», ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային հրշեջի դերում՝ վերաձևելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ԱՄՆ պաշտպանական, ֆինանսական, մարդկային միջոցները, քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունը ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։
Ըստ այդմ, ԱՄՆ-ի հասցեին ուղղված «ժողովրդավարության արտահանում»՝ ավտորիտար պետությունների ղեկավարների մեղադրանքները նվազելու էին, քանի որ ԱՄՆ շահերից և նախապատվություններից դուրս էր գալու այլ երկրների ժողովրդավարության աջակցությունը։
Սակայն Թրամփին հատուկ վտանգավոր անկանխատեսելիությունը երկար սպասեցնել չտվեց, և իր ընտրության այս մեկ տարվա ընթացքում Թրամփը սկսեց ոչ միայն ԱՄՆ ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումը և վերաուղղումը դեպի ԱՄՆ, այլ կտրուկ շրջադարձեր սկսեց իրականացնել նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում։ Իրեն աշխարհի խաղաղության աղավնի ինքնահռչակող Թրամփը նախ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանեց Պատերազմի նախարարություն, ապա սկսեց պատերազմը Եվրոպայի դեմ՝ կազմաքանդելով հավաքական Արևմուտքը։
Այստեղ, իհարկե, կարելի է հասկանալ Թրամփին այն առումով, որ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ իր անվտանգությունը պայմանավորվել է հիմնականում ԱՄՆ-ով՝ լինելով ԱՄՆ-ի հետ անվտանգության նույն համակարգում՝ ՆԱՏՕ-ում, ուր հիմնական դերակատարումը ԵՄ-ը վերագրել էր ԱՄՆ-ին։ Սակայն Թրամփը Թրամփ չէր լինի, եթե կանգ առներ։ Եվ նրա հավակնությունները՝ ներխուժել Գրենլանդիա, այն միացնել ԱՄՆ-ին կամ գնել այն Դանիայից, վկայում են, որ Թրամփը սխալ է հասկացել նախ իր իսկ կարգախոսը, բայց որ ավելի կարևոր է՝ ԱՄՆ հիմնադիր հայրերի գաղափարախոսությունը, ԱՄՆ հիմնադիր արժեքները՝ իրավունքների հարգման և պաշտպանության առումով։
Կարդացեք նաև
ԵՄ երկրներին սպառնալով 10 տոկոս մաքսատուրքերի բարձրացմամբ՝ Գրենլանդիայի հարցում իրեն չաջակցելու դեպքում, Թրամփը ոչ միայն կազմաքանդում է հավաքական Արևմուտքը՝ տնտեսական պատերազմ հայտարարելով նրան, այլ կազմաքանդում է միջազգային իրավունքը, որը թեպետ վաղուց է դադարել լինել առաջնահերթություն միջազգային հարաբերություններում, սակայն չի դարձել համաշխարհային քաղաքականության արգելակ, ինչպիսին, այն է` հիմա Թրամփի վարչակարգի համար։
ԱՄՆ տարբեր ժամանակների նախագահներ իրավունքի և ազատության պաշտպանությունը ողջ աշխարհում հռչակել են որպես քաղաքական առաջնահերթություններից, ԱՄՆ հիմնադիր արժեքներից բխող քաղաքական ուղեգիծ, որը նաև կոշտ դիմադրության է հանդիպել բռնապետությունների կողմից։
Միացյալ Նահանգները Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մեջ մտավ նաև այդ իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում․ վերանայելով չեզոքության ուղեգիծը, ԱՄՆ-ը հայտարարեց Անտանտի երկրների կազմում պատերազմի մեջ ներգրավվելու մասին: Նախագահ Վիլսոնը ուղերձով դիմեց ամերիկացիներին. «Նժարի վրա է քաղաքակրթության բախտը: Իրավունքն ավելի արժեքավոր է, քան խաղաղությունը, և մենք պետք է կռվենք նրա համար, ինչը միշտ պահել ենք մեր սրտում, ժողովրդավարության, այն մարդկանց իրավունքների համար, որոնք իրենց կառավարություններում ձայն ունենալու իրավունքով են օժտված, փոքր ժողովուրդների իրավունքների և ազատության, իրավունքի համընդհանուր տիրապետության` ազատ ժողովուրդների այնպիսի ներդաշնակության, որը կբերի խաղաղություն, ապահովություն և աշխարհն ինքնին ազատ կդարձնի»:
Արդեն 21-րդ դարում Կանադայի, ապա Գրենլանդիայի հանդեպ Թրամփի աննահանջ վարքագիծը վկայում է, որ ԱՄՆ գործող նախագահը Մ․ Նահանգները չի ընկալում որպես ժողովրդավարության համաշխարհային միջնաբերդ, այլ փորձում է փոխակերպել՝ փորձելով ԱՄՆ-ը վերածել կայսրության՝ դրանից բխող քաղաքականությամբ՝ ներխուժել, նվաճել այլ երկրներ, հպատակեցնել ժողովուրդներին։
Սակայն Միացյալ Նահանգները չի եղել և չի կարող լինել կայսրություն, աշխարհում նրա առաքելությունն այլ է՝ այն դրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի և Սահմանադրության հիմքում։ Եվ եթե ԱՄՆ-ը հրաժարվի հիմնադիր արժեքներից և քաղաքականությունից, ապա դրանով աշխարհում կփլուզվի ոչ թե պարզապես գործող աշխարհակարգը, այլ իրավունքների և ազատության պաշտպանությունը, այն, ինչ պետք է կազմեր միջազգային հարաբերությունների առանցքը։
Սակայն միայն Գրենլանդիան չէ խնդիրը․ Թրամփի՝ Նոբելյան մրցանակ ստանալու և ԱՄՆ պատմության մեջ որպես ամերիկյան տարածքներն ընդլայնող նախագահ մնալու՝ անթաքույց փառատենչությունը դառնում է սպառնալիք համաշխարհային անվտանգության համար։
Իհարկե, պետք է ընդունել, որ դեմոկրատների՝ նախորդ կառավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ն այնքան ծանր դրության մեջ է հայտնվել, որ սխալների կուտակումը դարձել էր իրական սպառնալիք ԱՄՆ հզորության համար։ Եվ դեմոկրատների սխալներն ուղղելը կարևոր է թե՛ ԱՄՆ-ի թե՛ համաշխարհային քաղաքականության համար։ Սակայն Թրամփը ոչ այնքան սխալներն է ուղղում, որքան դրանք ուղղելիս միջազգային հարաբերությունների համար նոր սպառնալիքներ է ստեղծում։ Թրամփը կարծես առաջնորդվում է վայրի կապիտալիզմի ժամանակ գործող բիզնեսմենի հոգեբանությամբ։
Մինչդեռ՝ «Հիմնադիր հայրերը ստեղծել են այնպիսի համակարգ, որում կառավարությունը բավականին ուժեղ էր, որ կարողանար պաշտպանել ժողովուրդների իրավունքները, բայց ոչ այնքան ուժեղ, որ վտանգ ներկայացներ այդ իրավունքների համար»,– ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահ Ռ. Նիքսոնը։
Դոնալդ Թրամփը դառնում է իրական վտանգ հենց այդ իրավունքների համար։ ԱՄՆ-ը պետք է մնա հզոր, սակայն ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի՛ կարող դառնալ կայսրություն։
Թրամփը խեղաթյուրված է ընկալել ոչ միայն իր իսկ քաղաքական կարգախոսը, այլև ամերիկյան գործոնի դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ
Թրամփը կա՛մ կվերանայի իր վտանգահարույց նախաձեռնությունները, կա՛մ ստիպված կլինի վերանայել։
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ



















































