Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն ունի պարտականություն պաշտպանելու նաեւ այն քաղաքացիներին, որոնք մեդիագրագետ չեն. պատասխան Փաշինյանին

Հունվար 20,2026 15:24

Զեղծարարությունների հետեւանքով հսկայական գումարներ կորցրած քաղաքացիների շահերը ներկայացնող «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը Քննչական կոմիտեի առջեւ հերթական բողոքի ցույցի ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Եկել ենք այստեղ գումարների վերադարձի մասով պահանջներ հնչեցնելու, որովհետեւ պատկան մարմինները եւ առհասարակ պետությունը ունի պարտականություն՝ օտարերկրյա հանցավոր խմբերի, հրոսակախմբերի հարձակումների դեպքում իր քաղաքացիներին պաշտպանություն տրամադրելու։ Բայց ինչպես տեսնում ենք, ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն, ինչի հետեւանքով սասանվում է քաղաքացու վստահությունը պետության եւ պետական մարմինների նկատմամբ։ Սա լրջագույն խնդիր է։ Տեսնում ենք՝ առերեւույթ եւ ակնհայտ անգործություն։ Մեր դիմումների արդյունքում գլխավոր դատախազը նախաձեռնեց քրեական վարույթ պետական այն մարմինների նկատմամբ, որոնք մեկ տարուց ավելի հանցավոր խմբերի գործունեությունը, փաստորեն, թույլատրել էին ՀՀ տարածքում։

Ստեղծվել էր մի իրավիճակ, որ զեղծարարության զոհ տուժող կողմին՝ ֆինանսական վնաս կրած քաղաքացիներին, մեղադրանքներ էին ներկայացնում եւ պետական մարմիններից, օրինակ, ոստիկանությունից, Քննչական կոմիտեից։ Հասարակության որոշ շերտեր էին մեղադրանք ներկայացնում, թե ինչպես կարելի էր վստահել»։

Մհեր Կարագոզյանը ներկայացրեց, թե ինչպես կարող էր քաղաքացին դրան հավատալ։ «Երբ քաղաքացին փողոցի մարդաշատ վայրերում, սուպերմարկետների, հիվանդանոցների, վարսավիրանոցների առջեւ տեսնում է փակցված գովազդներ, դրանից հետո գնում է տուն ու տեսնում, որ իր երեխան դպրոցից՝ պետական հաստատությունից, ինչ-որ նվեր կամ օգնություն է ստացել, որի վրա գրված է այդ զեղծարար կազմակերպության անունը, դրանից հետո լրատվամիջոցներով տեսնում է ինչ-որ մեկին, որը ներդրումային ապահով հարթակներ է ներկայացնում, քաղաքացին կհավատա՞, թե՞ ոչ։ Հենց այս ճանապարհով է ստեղծվել այս ծուղակը։ Իսկ մենք մինչեւ այսօր տեսնում ենք մեղադրականներ այս քաղաքացիների նկատմամբ։ Դա հանցագործությունների անուղղակի պաշտպանություն է։

Եվ ես հենց այս մասով ուզում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ վերջերս ինքը ֆեյսբուքում հրապարակում էր արել այն մասին, որ մեր շահառուներից մեկը դիմել էր վարչապետին։ Վարչապետի ներկայացրած օրինակի մեջ եւս կար հստակ մեղադրանք քաղաքացու նկատմամբ։ Փաստորեն վարչապետը ընդգծում էր այն հանգամանքը, որ իբրեւ քաղաքացին է մեղավոր, որ խաբվել է։ Բայց սա եւս անթույլատրելի է, որովհետեւ սա եւս հանցագործության անթույլատրելի պաշտպանություն է։

Վարչապետը բազմիցս ասում է, որ կրթվելը ժամանակակից է։ Չենք առարկում։ Բայց հարգելի պարոն վարչապետ, եթե գտնում եք, որ կրթվելը ժամանակակից է, մենք դրա համար շատ ուրախ ենք։ Բայց անհրաժեշտություն կա կրթվելու եւ հասկանալու, որ պետությունն ունի պարտականություն պաշտպանելու նաեւ այն քաղաքացիներին, որոնք մեդիագրագետ չեն։ Այո, կրթվելը ժամանակակից է։ Բայց պետք է կրթվել ու հասկանալ, որ գուցե հենց այս քննչական մարմինները խնդիրը ձեզ ներկայացնում են այն ռակուրսից, որ դուք ունենաք այս վերաբերմունքը տուժած քաղաքացիների նկատմամբ։ Սա անհանդուրժելի է։ Պետք է ՔԿ նախագահին, Գլխավոր դատախազին կանչել, հարցադրումներ անել, իրականությունը հասկանալ, պատկերացնել, հետո նոր դրա կապակցությամբ անել այնպիսի հայտարարություններ, որ քաղաքացիների վստահությունը չկորի պետության կամ պետական մարմինների նկատմամբ»։

Պատասխանելով այսօր ՔԿ համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպելու վերաբերյալ հարցին՝ իրավապաշտպանն ասաց. «Թե ինչ մեխանիզմներով եւ երբ է լինելու քաղաքացիների գումարների վերադարձը, ես համաձայն չեմ լսել առանձին սենյակներում, գաղտնի, քաղաքացիներից հեռու։ Ես պատրաստ եմ պատասխանները լսել կամ հայտարարությունների տեսքով, կամ փաստաթղթի տեսքով, կամ թող իրենք իջնեն քաղաքացիների հետ հանդիպման։ Այնպես որ, ես առարկելու եմ առանձին հանդիպումների մասով»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031