Գագիկ Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները. «Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի Հայաստանում դահուկային սպորտը զարգացնելու հարցում, բայց, բնականաբար, դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն՝ միայն ֆեդերացիայով կամ ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձևերը զարգացնել հնարավոր չէ։
Տարիներ շարունակ մեր բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ նախարարություն, այդպես էլ լուծում չունեցան: Բնականաբար, լինելով այդ գործընթացի մի կողմը, տարիների ընթացքում հասկանում ես, որ այն ամենը, ջանքն ու եռանդը, նվիրվածությունն ու նպատակները, որոնք դրել ես քո առջև, հասկանում ես, որ ոչ լիարժեք են ես կարողանում իրականացնել, հասկանում ես, որ տարիների ընթացքում հանդիպում ես խոչընդոտների, որոնք գուցե անլուծելի են: Այս պարագայում հասկանում ես, որ գուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձևերն ու ոլորտն ավելի զարգացնել։ Եվ ես որոշեցի, որ ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց։
21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել՝ չունենալով ոչինչ:
Ցավոք, չեմ տեսնում այն կամքը և ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու։ Այս ամենից ելնելով՝ կատարում եմ այս քայլը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Ֆեդերացիայի նախագահն իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած Tour de ski մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած դահուկավազորդ Միքայել Միքայելյանին։
«Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն հարցում էր ուղարկել ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»:


















































