Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակի հումքը արտահանեն ՀՀ-ից Ադրբեջան, որ ադրբեջանցիները Աղդամում կոնյակ լցնե՞ն. Նարեկ Կարապետյան

Հունվար 20,2026 15:44

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դրական է համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Այսօր լրագրողներն ասուլիսում նրանից հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությանը՝ հատկապես բենզինի ներմուծմանը ինչպես է վերաբերվում եւ հարց ուղղվեց՝ իրենց՝ իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առեւտուրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ադրբեջանի հետ առեւտրի հարցում մտավախություն կա. նավթի ու բենզինի գնումը պետք է լինի ավելի լայն շրջանակային պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական տնտեսական ու մյուս հարաբերությունների կարգավորման համատեքստում: Մենք ունենք առաջնային գերիների հարց, արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու անվտանգության ապահովման հարց: Հնարավոր է իրար հետ աշխատել միայն այն պարագայում, եթե հայկական ապրանքն էլ գնալու է Ադրբեջան: Իրե՞նք կառնեն մեր ապրանքը նույն քանակությամբ, եթե կառնեն՝ ուրախությամբ, կարելի է»:

Կարապետյանն անդրադարձավ նաեւ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ցանկին, թե Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում ինչ է քննարկվում ՀՀ-ից արտահանել Ադրբեջան՝ ալյումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորություններ:

«Ցանկում նշվում է գյուղմթերք: Ադրբեջանը տարածաշրջանի ամենաէժան գյուղմթերք արտադրող երկրներից է, գազ՝ համարյա անվճար է այդ երկրում: Ադրբեջանին առաջարկել են ալյումինի ֆոլգա. կա Սումգայիթի գործարան, որը զբաղվում է ֆոլգայի արտադրության պլանավորմամբ: Ադրբեջանը ալյումին արտադրող մեծ երկիր է: Կոնյակի հումք: Դա նշանակում է հումքդ վաճառում ես հարեւան երկրին, դրանով նա հնարավորություն է ստանում, օրինակ՝ Աղդամում (ժամանակին այնտեղ կոնյակի գործարան է եղել) Աղդամում կոնյակ լցնել: Հայաստանից այն, ինչ իրենք առաջարկել են, տնտեսական առումով ինքնարժեքների ցիկլին չտիրապետող մարդը միայն կարող է հավատալ, որ Ադրբեջանը մեզնից, օրինակ գյուղմթերք՝ լոլիկ է առնելու, այն դեպքում, երբ ամբողջ տարածաշրջանին ինքն է մատակարարում»:

Կարապետյանը շեշտեց, որ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը արմատական նշանակություն ունի իրենց համար, բայց այդ հարաբերությունների միակողմանիությունը իրենց դուր չի գալիս:

Կարապետյանն անդրադարձավ նաեւ թոշակների բարձրացման, ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շարունակությանը վերաբերող հարցերին:

«Ես ասել էի՝ մեր երկրի վարչապետը չպետք ստանա աշխատավարձ եւ պարգեւավճար: Դա հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ երկրում կա 20 տոկոսից ավելի մեծ աղքատություն: Ժամանակին ասում էին՝ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, մենք երեք միլիոն վարչապետ ունենք, բայց միայն մեկն է այսօր պարգեւավճար ստանում, ինչի՞ համար»,- հավելեց Կարապետյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031