Civilnet. «Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։
Ֆիլմը դեկտեմբերի վերջին հեռարձակվել է նաև ադրբեջանական AnewZ ալիքով, որը ֆինանսավորվում է պետության կողմից։
Ֆիլմը ներառում է օտարերկրյա փորձագետների, հայտնի հետաքննող լրագրողների և հայ հասարակական գործիչների հետ հարցազրույցներ։ Այն ներկայացվում է որպես հետաքննական վավերագրական ֆիլմ և խիստ բացասական լույսի ներքո է ներկայացնում գործարար Ռուբեն Վարդանյանին, որը ներկայում դատվում է Ադրբեջանում։
Ֆիլմում առաջ է քաշվում այն թեզը, թե Վարդանյանը մինչև 2023-ի սեպտեմբերը եղել է Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքը։
Կարդացեք նաև
OC Media-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում հայտնված հարցազրույց տված անձանց մեծ մասը, ինչպես նաև ֆիլմի վրա աշխատած ենթակապալառուները, հնարավոր է, մոլորեցվել են ֆիլմի իրական բնույթի և պատվիրատուի հարցում։
Մասնակիցները մոլորեցվա՞ծ են եղել
OC Media-ն զրուցել է շուրջ մեկ տասնյակ անձանց հետ, որոնք հայտնվել են ֆիլմում կամ ներգրավված են եղել որպես ենթակապալառու պրոդյուսերներ։ Նրանցից ոչ մեկը չի հայտնել, որ տեղյակ է եղել, թե ֆիլմը պատրաստվում է ադրբեջանական պետական մեդիայի համար։
Բոլոր ենթակապալառուները և ոչ հայ փորձագետները նշել են, որ իրենց ասել են՝ ֆիլմը նվիրված է լինելու «Տրոյկա լվացքատուն» հետաքննությանը՝ ռուսական բանկային համակարգում կոռուպցիոն սխեմաների մասին խոշոր բացահայտմանը, որի մեջ Վարդանյանը ներգրավված էր։
OC Media-ի ուսումնասիրած փիչ-փաստաթղթերում որևէ հիշատակում չի եղել Ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև չի նշվել ադրբեջանական պետական մեդիայի ներգրավվածությունը։ Փոխարենը նշվել է TPTM Media Spain ընկերությունը և ակնարկվել է, թե բանակցություններ են ընթանում միջազգային խոշոր սթրիմինգային հարթակների հետ։
Ֆիլմում հայտնված փորձագետներից մեկը՝ Լիտվայի խորհրդարանի պատգամավոր և հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ Վիտալիյուս Գայլյուսը, OC Media-ին ասել է.
«Քանի որ իմ մասնակցությունը հիմնված էր բացառապես իրավական և կոռուպցիայի կանխարգելման գնահատականի վրա, ոչ թե քաղաքական կամ ազգային շահերի, կարծում եմ՝ հեղինակները պարտավոր են ապահովել ֆիլմի օբյեկտիվ, ճշգրիտ և փաստահեն լինելը»։
Մեկ այլ հարցազրույց տված անձ նշել է, որ իր հարցազրույցը արվել է դեռևս 2019-ին՝ այլ համատեքստի և այլ նախագծի համար, և ինքը երբեք չի տվել համաձայնություն նյութի օգտագործման համար ադրբեջանական արտադրությունում։
Արցախում նախկին պաշտոնյա Սամվել Բաբայանը հրապարակել է իրեն ներկայացված փիչը՝ նշելով, որ հարցազրույցը վարել է հենց Կարմեն Մարկեսը։ Փիչում նշված էր, որ նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել «Հայաստանը՝ պատմական խաչմերուկում, խոր մշակութային արմատներով և գլոբալ հավակնություններով»՝ առանց որևէ հիշատակում Վարդանյանի գործի մասին։ OC Media-ի հետ զրուցած այլ հայ մասնակիցներ հայտնել են, որ հարցազրույցները տեղի են ունեցել 2025-ի սեպտեմբերին։
«Քարոզչական գործողություն»
OC Media-ի բացահայտումներին ծանոթանալուց հետո Մեծ Բրիտանիայում գործող Ethical Journalism Network-ի նախագահ Էյդան Ուայթը կասկածի տակ է դրել նախագծի էթիկան։
«Լեգիտիմ փորձագետների ձայները կոնտեքստից հանելը և դրանք քարոզչական նպատակներով օգտագործելը շոկային է»,- ասել է Ուայթը։
Նրա խոսքով՝ հեռուստաալիքը պետք է հեռացնի այդ մեկնաբանությունները եթերից, մինչև աղբյուրները համաձայնություն տան նման օգտագործման համար։
«Անընդունելի վարքագիծ է»,- ասել է նա՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ փորձագետներին ներկայացվել է մեկ թեմա, իսկ փաստացի արտադրանքը եղել է այլ բովանդակությամբ։
«Լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքն է թափանցիկությունը՝ հստակ ասել, ինչ նպատակ ունի նյութը և ինչպես է օգտագործվելու տեղեկատվությունը»,- հավելել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































