Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած Դատարանն անվավեր էր ճանաչել գնման մրցույթի արդյունքները, Կառավարությունն ամիսներ անց մեկ անձից գնման պայմանագիր է կնքել նույն սեփականատիրոջ հետ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունվար 20,2026 17:21

2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2026 թվականի աշնանը հյուրընկալելու է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Կարճ ժամանակ անց՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե, հաստատվեց դրա կազմը։

Արդեն 2025 թվականի հունիսի 11-ին Կառավարությունը հայտարարեց բաց մրցույթ COP17-ի կազմակերպման շրջանա­կում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Դոպինգ» գործակալությունը, սակայն մրցույթի մասնակիցներից մեկը վիճարկել էր դրա արդյունքները դատարանում։ Եվ չնայած Դատարանն անվավեր էր ճանաչել գնման մրցույթի արդյունքները, Կառավարությունն ամիսներ անց մեկ անձից գնման պայմանագիր է կնքել նույն սեփականատիրոջը պատկանող մեկ այլ «Դոպինգ Սթեյլ» գործակալության հետ։

COP17-ի բրենդավորման մրցույթ․ ովքե՞ր էին մասնակցողներն ու գնահատողները

Գնման մրցույթի գնահատող հանձնաժողովի նախագահն էր այդ ժամանակ դեռևս ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող, այժմ արդեն Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, կազմում ընդգրկված էին նաև Կառավարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ․ ամբողջական ցանկը՝ գնման մրցույթի փաստաթղթերից մեկում։

Մրցույթին մասնակցում էր հինգ կազմակերպություն․ դրանց ցանկը՝ ստորև։

Նախապատվություն տալով ամենաթանկ հայտին

Արդեն 2025 թվականի հուլիսի 10-ին հանձնաժողովը, գնահատելով մասնակիցների ներկայացրած հայտերը, միաձայն ընտրեց ամենաբարձր՝ 55,7 մլն դրամի գնառաջարկ ներկայացրած, 2014 թվականին հիմնադրված «Դոպինգ» ՍՊԸ-ի հայտը, որն առավելագույն 100 միավորից ստացավ 84 միավոր։

Հայտերը գնահատվել են երկու չափանիշներով՝ տեխնիկական առաջարկի (100-ից 80 միավոր), և գնային առաջարկի գնահատում (100-ից 20 միավոր). «Դոպինգ» ՍՊԸ-ն առաջին չափանիշով ստացել է 77․6, իսկ երկրորդով՝ 6․4 միավոր։

Հատկանշական է, որ մյուս մասնակիցներն էապես շատ ավելի ցածր գնառաջարկներ էին ներկայացրել․ մասնավորապես՝ «Դիիմ Քոմյունիքեշընը» ներկայացրել է 17,8 մլն դրամի գնառաջարկ, «ՄԱՐՕԳ» և «Կարոտ» կազմակերպությունների համատեղ գնառաջարկը կազմում էր 32,5 մլն, «Բրենդոն» ՍՊԸ-ինը՝ 49,5 մլն դրամ։

Արդյունքը վիճարկվեց դատարանում, որոշումն անվավեր ճանաչվեց

«Դիիմ Քոմյունիքեշըն» ընկերությունը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հայց ներկայացրեց դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի․ ընկերությունը կարծում էր, որ խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, ինչպես նաև գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարության սկզբունքները:

Ըստ այդմ, «Դիիմ Քոմյունիքեշընը» պահանջում էր անվավեր ճանաչել հայտերի գնահատման, դրա արդյունքների և զբաղեցրած տեղերի, «Դոպինգ» ՍՊԸ-ին գնման ընթացակարգում ընտրված մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումները․ հայցվորը դատարանից խնդրում էր նաև պարտավորեցնել վարչապետի աշխատակազմի մասնակիցների հայտերի նոր գնահատում կատարել։

Դատարանը ՍՊԸ-ի հայցը բավարարեց մասնակի՝ հայտերի գնահատման, դրա արդյունքների և զբաղեցրած տեղերի վերաբերյալ, ինչպես նա «Դոպինգ» ՍՊԸ-ին գնման ընթացակարգում ընտրված մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումներն անվավեր ճանաչեց։ Միևնույն ժամանակ նաև դատարանը չի բավարարել վարչապետի աշխատակազմին մասնակիցների հայտերի նոր գնահատում կատարելը պարտավորեցնելու պահանջը։

2025 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը, կատարելով դատարանի պահանջը, որոշեց թույլատրել վարչապետի աշխատակազմին COP17-ի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման մրցույթը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով:

Մեկ անձից գնման պայմանագիր նույն սեփականտիրոջ հետ

Իրավիճակից Կառավարությունը ելք է գտնում մեկ անձից գնման միջոցով, և 2025 թվականի դեկտեմբերին մեկ անձից գնման նախնական պայմագիր կնքում «Դոպինգ» ՍՊԸ-ի սեփականատիրոջը պատկանող մեկ այլ՝ 2023 թվականին հիմնադրված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ։

Արտապատկերումը՝ պայմանագրից։

Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են հետագայում կնքել միջոցառման կազմակերպման շրջանակում ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց արժեքը դեռևս հայտնի չէ։

Ինչպես նշեցինք, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց էլեկտրոնային E-register հարթակի՝ թե՛ «Դոպինգը», և թե՛ «Դոպինգ Սփեյսը» պատկանում են միևնույն սեփականատիրոջը՝ Հայկ Սիմոնյանին։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031