ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկություն հրապարակեց, որ հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը չորս անձի մասով ավարտվել է:
Քննչական կոմիտեն հրապարակել է այդ անձանց վերագրվող արարքները։ Թե ովքեր են այդ չորսը, որոնք պիտի հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում, մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի, նրա փեսայի՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի (լուսանկարում) ու Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաների՝ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի ու Ավետիս Առաքելյանի օգնական Կարապետ Ղուկասյանի մասին է, որը Վարդան Ղուկասյանի ազգականն է։
Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց 2025 թվականի դեկտեմբերի 5-ին։ Նրանցից երեքին, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին մեծ թվով ոստիկաններ աշխատավայրից ցուցադրաբար բերման էին ենթարկել՝ տեղափոխելով Շիրակի մարզի քննչական բաժին։ Ավետիս Առաքելյանին ազատ էին արձակել, իսկ մյուս երկուսին ձերբակալել՝ իհարկե, հետագայում փոխելով խափանման միջոցը․ նրանցից մեկին տնային կալանքի ենթարկելով։
Հենց այդ ժամանակ էլ նոր մեղադրանք էր առաջադրվել նաև Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի նկատմամբ, որը, ըստ իրավապահների, լինելով տնային կալանքի մեջ՝ հեռախոսազանգերով կազմակերպել էր անհնազանդության ցույց՝ ի պաշտպանության հոր՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ այս պաշտոնյաների նկատմամբ հոկտեմբերի 20-ին կատարված դեպքերի համար քրեական վարույթ նախաձեռնվեց 1,5 ամիս անց՝ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարելիք այցին ընդառաջ, երբ նա որոշել էր երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել պատարագի։
Մեր հասած տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է այն պատճառով, թե իբր ոստիկանությանը օպերատիվ տվյալներ են հասել առ այն, որ դեկտեմբերի 7-ին քաղաքային իշխանավորների կողմից անհնազանդության որոշակի գործողություններ են նախատեսվում Գյումրիում գտնվող բարձրաստիճան իշխանավորների դեմ, հատկապես որ Շիրակի թեմի հոգևորականներն արդեն իսկ ցույց էին տվել ըմբոստ կեցվածք՝ չմասնակցելով պատարագին ու չզեղչելով Վեհափառի անունը։
Ինչևէ, քրեական վարույթը, որի նախաքննության ավարտի մասին այսօր ազդարարեց ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդված է նախատեսում Գյումրու ընդդիմադիր իշխանությունը գլխավորող Ավետիս Առաքելյանի նկատմամբ, ինչը նշանակում է նրա դատվելու դեպքում Գյումրու ավագանին ստիպված կլինի նոր քաղաքապետ ընտրել։
«Քրեական վարույթը Ա.Ա.-ի, Կ.Ղ.-ի (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)), Ս.Ղ.-ի (46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) և Ա.Մ.-ի (441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»-նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































