ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով դատաքննությունը։
Հանրային մեղադրողը միջնորդեց գործով վկա Վաչիկ Սաղաթելյանի նախաքննական ցուցմունքը հրապարակել։ Սաղաթելյանն այս գործով դատարանում հարցաքննվել էր 2025 թվականի մարտի 4-ին։ Նա հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր ցուցմունքը կարող է իր դեմ լինել։
Նիստը նախագահող Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ ինչու հարցաքննությունից անմիջապես հետո հանրային մեղադրողը չի ներկայացրել այդ միջնորդությունը և մոտ մեկ տարի անց է դա անում։ Հանրային մեղադրողը բացատրեց՝ ժամկետներով սահմանափակված չէ։
— Մոտ մեկ տարի անց միջնորդել Վաչիկ Սաղաթելյանի ցուցմունքը հրապարակել՝ տեղին չէ, առարկում եմ միջնորդությանը,— հայտարարեց պաշտպանական կողմը։
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողը արձագանքեց պաշտպանական կողմից, հատկապես Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանին։
— Շատ ցավում եմ, որ գիտնական լինելով՝ Ռուբեն Մելիքյանը փորձում է պրակտիկորեն սրբագրել օրենքը։ Ամեն ինչի տակ դրել եք Քրեադատավարական օրենսգիրքը, մի սահմանափակեք, մի կաղապարեք,— ասաց հանրային մեղադրողը։
Պաշտպանական կողմից եղավ նաև դիրքորոշում, որ կարելի է խոսել տվյալ անձի լրացուցիչ հարցաքննության մասին, բայց ոչ անձի բացակայության պարագայում ցուցմունքի հրապարակման մասին։
Դատարանը որոշեց միջնորդությունը թողնել առանց քննության՝ ոչ ժամանակին լինելու հիմքով։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացում, վստահված գույքի հափշտակում, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































