«Որպես երկիր, որպես ազգ՝ շատ դժվար ժամանակներ ենք ապրել՝ կորցնելով տարածքներ։ Մեկ միլիոն մարդ անօթեւան, ներքին տեղահանված էր դարձել։ Բայց մենք հույսը չկորցրինք։ Մենք մեր խիզախությունը չկորցրինք՝ արդարությունը, միջազգային իրավունքը եւ մեր ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Մեզնից 30 տարի պահանջվեց»։
Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակում կայացած «Սահմանելով Եվրասիայի տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ալիեւից բացի պանելային քննարկմանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ թուրքական «Լիմակ հոլդինգ» շինարարական կազմակերպության կոլեգիայի նախագահ Էբրու Օզդեմիրը։ Մոդերացիան իրականացնում էր Եվրոնյուզի ԵՄ թղթակից Սաշա Վակուլինան։
Խոսելով միջազգային միջնորդական ձեւաչափերի մասին՝ Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանն ինչ-որ պահի «դադարեց հավատալ, որ որեւէ մեկը կգա եւ մեր փոխարեն կշտկի իրավիճակը»։
Կարդացեք նաև
«Միջազգային միջնորդության մեր բոլոր հույսերը ամբողջապես տապալվեցին։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը՝ միջազգային բարձրագույն մարմինը, չորս բանաձեւ ընդունեց՝ պահանջելով հայ զինծառայողների դուրսբերումը մեր տարածքից։ Դրանք մնացին թղթի վրա։ ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլ հաստատություններ ընդունեցին բազմաթիվ բանաձեւեր։ Դրանցից որեւէ մեկը չնյութականացվեց, մինչեւ մենք իրավիճակը մեր ձեռքը չվերցրինք», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել, քանի որ Ադրբեջանը «վերականգնել է արդարությունը, միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ կանգ է առել այդտեղ»։
«Որպես ղեկավար մի երկրի, որը տառապել է 30 տարի, ճիշտ պահին կանգ առնելը շատ պատասխանատու եւ շատ կարեւոր որոշում էր», – ասել է նա, շարունակել՝ «Կարող էինք շարունակել։ Ուզում եմ շատ բաց լինել ձեզ հետ եւ լսարանի հետ։ Բայց դա կհանգեցներ անդադար պատերազմների։ Դա կհանգեցներ ավելի շատ տառապանքների, ավելի շատ զոհերի։ Պատերազմը չէր ավարտվի։ Ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշեցինք կանգնեցնել այն»։
Նա միեւնույն ժամանակ նշել է, որ պատերազմի էջը փակելն ու խաղաղության հնարավորությունների վրա կենտրոնանալը ադրբեջանական եւ հայկական ղեկավարությունների «համատեղ որոշումն է եղել»։
Ալիեւը կրկին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հաստատվել է «թիվ մեկ աշխատասենյակում»՝ նկատի ունենալով, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կայացել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
«Մենք չպետք է հուսանք միջազգային հաստատությունների վրա․․․ Տեսնում ենք, որ ամեն ինչ կազմաքանդվում է», – նշել է նա՝ շեշտելով երկկողմ համաձայնությունների եւ մի շարք ԵՄ պետությունների, Չինաստանի հետ Բաքվի կնքած ռազմավարական պայմանագրերի կարեւորությունը։ «Դու ուժ եւ կոնսոլիդացված հասարակություն ունես եւ անում ես այն, ինչ ճիշտ է, անկախ նրանից, թե ով ինչ է ասում եւ ով է քո մասին ինչ-որ հոդվածներ գրում»։
Ալիեւը լավատեսություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության հեռանկարների առնչությամբ։ Որպես խաղաղության գործնական փաստ նա ներկայացրել է ադրբեջանական վառելիքի վաճառքը Հայաստանում եւ դեպի Հայաստան տարանցումներն Ադրբեջանի տարածքով։ Տարանցումներ, ի վերջո, տեղի կունենան ուղիղ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, ասել է Ալիեւը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































