Խնդիրը բոլորովին այլ է՝ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են առաջնորդվում Հայաստանի պետության շահերով։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի օրեր առաջ հնչեցրած գնահատականները թոհուբոհ են առաջացրել ներհայաստանյան քաղաքական դաշտում. դրանք ընդդիմություն–իշխանություն բուռն հակադարձումների, քննադատությունների առարկա են դարձել։
«Ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, եւ, հետեւաբար, Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում՝ կայունությամբ եւ բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում։ Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի։ Ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարեւոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հայաստանյան ընդդիմության մատուցմամբ՝ Թուրքիան բացահայտ ասում է, որ առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այդպիսով՝ Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը։
Կարդացեք նաև
Իշխանությունից էլ, հակադարձելով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե՝ «Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում», նկատում են, թե Ֆիդանը նման բան «չէր էլ կարող ասել, որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է»։ «Մարդը բառացի ասում է, որ հանրությունն աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ։ Որտե՞ղ է հանրություն եւ իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրություններին»,-նշել էր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը Ֆիդանի հայտարարությունն այսպես է բացատրում. «Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլեւս իրողություն է, եւ թշնամանքի էջը մենք միասին, այնուամենայնիվ, կարողացել ենք փոխել՝ թե՛ մենք՝ հայերս, թե՛ թուրքերը։ Ես հասկացել եմ, որ Հայաստանը չի կարող ու չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի։ Ռուսաստանի հետ մենք սահման չունենք, Եվրոպայի հետ էլ սահման չունենք, մեր տարածաշրջանի չորս հարեւան ունենք, եւ այդ չորս հարեւանից դուրս մենք մեզ չենք կարող դնել։ Շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում»։
Որեւէ մեկի համար զարմանալի՞ է փաստը, որ Թուրքիայի իշխանության այս կամ այն ներկայացուցիչն ուղիղ կամ անուղղակի ակնարկում կամ արձանագրում է, որ Հայաստանում ղեկավարում է մի իշխանություն, որը Թուրքիայի իշխանությունների համար ամենականխատեսելին ու ամենահարմարն է՝ որպես գործընկեր։
Այստեղ որեւէ նորություն իսկապես չկա եւ վաղուց չկա։
Բանավեճը հասավ նրան, որ ընդդիմադիրները զուգահեռներ տարան, վերհիշեցին Կրեմլի գլխավոր խոսափողներից մեկի՝ Սոլովյովի՝ օրեր առաջ արտահայտած մտքերը, երբ նա խոսել էր Հայաստանում եւս, Ուկրաինայի օրինակով, ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության մասին։
Այսինքն, ըստ ընդդիմադիրների, եթե իշխանական թեւը Սոլովյովին քննադատում է, թե «մի՛ խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին», ինչո՞ւ նույն կերպ չի քննադատում Ֆիդանին։
Այս դեպքում էլ ՀՀ իշխանական թեւն իր բացատրությունն ունի. «տարածաշրջանում ներգրավված լինելն» այլ բան է, «հիբրիդային պատերազմը»՝ այլ։
Եկեք անկեղծ լինենք. Հայաստանում իշխանության ձեւավորման հարցում շահագրգիռ կողմեր եղել են թե՛ հարեւան Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը։ Բոլորն ունեցել են իրենց նախապատվությունները եւ աշխատել են ՀՀ բոլոր իշխանությունների հետ, ու այդպես էլ կշարունակվի։
Խնդիրը բոլորովին այլ է՝ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են առաջնորդվում Հայաստանի պետության շահերով։
Իսկ որ պաշտոնական Անկարայի ու Բաքվի համար Հայաստանի ներկայիս իշխանությունները ամենալավ գործընկերներն են, դրանում ոչ ոք չի էլ կասկածում, ճիշտ այնպես, ինչպես որեւէ կասկած չի հարուցում նաեւ այն, որ Թուրքիան շարունակում եւ շարունակելու է Հայաստան–Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը կապել հայ–ադրբեջանական խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման հետ։
«Երբ Հայաստանի արտգործնախարարը Ամերիկայում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ։ Նրանք այն անվանում են TRIPP, այն նրա մասին է, թե ինչպես կյանքի կոչել այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրեցինք այդ փաստաթուղթը։ Ավելի ուշ, մոտ երկու ժամ ես խոսեցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ այն մասին, թե ինչ է գրված այս փաստաթղթում եւ ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ Բաքվի տեսակետը կարեւոր է»,- օրերս ասել է Ֆիդանը՝ անդրադառնալով հայ–ամերիկյան վերջին բանակցություններին եւ ընդունված համատեղ փաստաթղթին։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ վստահեցրել է, որ Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաեւ կարգավորվեն հայ–թուրքական հարաբերությունները։
«Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, ինչպես նաեւ Հայաստանը, ունեն դրա համար անհրաժեշտ կամքը»,-ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ TRIPP նախագծի իրականացման շրջանակի ստորագրմանն ու հրապարակմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, մասնավորապես, որ գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային շրջանակում։ Այդ համատեքստում նա նշել էր, որ Թուրքիայի հետ այս ուղղությամբ քննարկումներ կան, եւ դրանք բավականին կոնստրուկտիվ են. «Կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթացի քայլեր կունենանք»։
Ավելի վաղ Ֆիդանը նաեւ նկատել էր. «Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, որն աջակցում է Կովկասում խաղաղությանը, կարեւորություն է տալիս Ադրբեջանին եւ խրախուսում է Հայաստանին՝ խաղաղություն հաստատելու համար»։ Թուրք նախարարն ընդգծել էր. «Մեր տարածաշրջանային նպատակները համընկնում են Թրամփի նպատակների հետ՝ Ռուսաստանում, Ադրբեջան–Հայաստանում, Սիրիայում եւ այլուր»։ Ֆիդանը շեշտել էր, որ կարեւոր է, որպեսզի ամերիկյան քաղաքականությունը, որն Ուկրաինայում ձգտում է խաղաղության եւ առաջնահերթություն է տալիս հրադադարին, շարունակվի. «Սա հնարավոր է Թրամփի վարչակազմի օրոք, եւ նման քաղաքականությունը չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանի համար»։
Իսկ տարեվերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ զրույցում գոհունակություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։ Համաձայն Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Էրդողանն ընդգծել էր Անկարայի աջակցությունն այդ գործընթացին։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2026



















































էմմաա ; էս ինչ ա, մոռացար Պուտինի մասին մի քանի խոսք ասել :))))))))))))))))))))))))))))))))))))