Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ կրթական կրքեր. անչափահաս երեխաներին դասից հանել ու հեռացրել են վարժարանից

Հունվար 21,2026 12:30

Լատվիայից Հայաստան տեղափոխված ծնողին չեն բավարարում ԿԳՄՍ նախարարությանն ուղարկված վարժարանի բացատրությունները

Գոհար Ղարաբաղցյանը դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ Կրթության տեսչական մարմնին՝ իր երկվորյակ երեխաների կրթության իրավունքի խախտման, անօրինական հեռացման եւ խտրական վերաբերմունքի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում Գոհար Ղարաբաղցյանն ասաց, որ ինքը կրթության պատասխանատուներին խնդրել է ուսումնասիրել եւ իրավական գնահատական տալ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարանի տնօրենի եւ փոխտնօրեն Սիլվա Գեւորգյանի գործողություններին, որոնք, ծնողի ձեւակերպմամբ, հանգեցրել են իր երեխաների՝ դպրոց հաճախելու անօրինական արգելքին՝ առանց որեւէ իրավական հիմքի։

Ծնողը նշում է, որ ընդամենը բանավոր հայտարարություն է եղել այն մասին, որ իր երեխաներն այլեւս չեն կարող հաճախել դպրոց, ինչը չի հանդիսանում իրավական ուժ ունեցող իրավական ակտ եւ հակասում է կրթական գործընթացում սահմանված ընթացակարգերին, իսկ մի քանի օր անց դպրոցը ներկայացրել է հեռացման հրամանի պատճենը, որի հիմքում նշված է եղել «սոցիալական քարտերի չտրամադրումը»։

Տիկին Ղարաբաղցյանը նշում է, որ նման հիմքը օրենսդրությամբ նախատեսված չէ դադարեցնելու կամ հեռացման համար եւ չի կարող համարվել իրավաչափ: Ընդ որում, ինչպես նշում է մեր զրուցակիցը, հրամանը տրվել է հետին թվով: Նրա հավաստմամբ, նոյեմբերի 19-ին դպրոցի ղեկավարությունը բանավոր կերպով հայտնել է, որ երեխաները այլեւս չեն կարող հաճախել դպրոց եւ արգելվել է նրանց մուտքը կրթական հաստատություն: Որոշմանը չի նախորդել պաշտոնական հրաման, գրավոր ծանուցում, արձանագրություն կամ պայմանագրային հիմք:

«Պաշտոնապես նշված պատճառը եղել է այն, որ երեխաների ավագ եղբայրը այցելել է դպրոց առանց որեւէ մեկին նախազգուշացնելու՝ ցանկանալով եղբայրաբար զրուցել մյուս աշակերտների հետ, քանի որ քույրիկները ենթարկվել էին վիրավորանքների եւ նվաստացումների այլ աշակերտների կողմից: Ընդ որում, երեխաների ավագ եղբայրը դպրոց է այցելել առանց որեւէ ագրեսիվ մտադրության, ցուցաբերել է հանգիստ եւ զուսպ վարքագիծ, ծանոթացել է դասարանի աշակերտների հետ եւ նրանց խնդրել է լինել զուսպ, ցուցաբերել աջակցություն եւ օգնել իր քույրերին հարմարվել դպրոցական միջավայրին։

Նշված միջադեպի վերաբերյալ դպրոցը չի ներկայացրել որեւէ գրավոր արձանագրություն, նախազգուշացում կամ փաստական նյութ։ Հարց է առաջանում, ինչպես է հնարավոր, որ տվյալ դպրոցում չսովորող անձը՝ երեխաների եղբայրը, մուտք գործի դպրոց առանց որեւէ խոչընդոտի կամ անվտանգության ծառայության միջամտության: Դա, փաստորեն, վկայում է դպրոցում անվտանգության վերահսկողության բացակայության կամ ոչ պատշաճ կազմակերպման մասին։ Ի դեպ, անձամբ կապ եմ հաստատել նշված դասարանի աշակերտների ծնողների հետ, վերջիններս հաստատել են, որ երեխաների եղբոր այցը որեւէ կոնֆլիկտային կամ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծել»,-ասում է Գոհար Ղարաբաղցյանը։

Նրա ձեւակերպմամբ, կատարվածին դպրոցի տնօրինությունն արձագանքել է անհամաչափ կերպով, օրինակ, ասել են, որ «չեն պատկերացնում, թե ում երեխաներն են սովորում տվյալ դպրոցում», հնչել են տհաճ եւ խտրական մեկնաբանություններ: Ծնողի պատմելով, իրենց անգամ նախատել են՝ ինչու եք վերադարձել Հայաստան, եղել են անձնական բնույթի նվաստացնող մեկնաբանություններ երեխաների եւ Լատվիայից Հայաստանում հաստատվելու եկած ընտանիքի անդամների հասցեին։

«Դպրոցի վարչակազմը կոպտագույն կերպով խախտել է իմ երեխաների իրավունքները՝ նրանց փաստացի հեռացնելով ուսումնական գործընթացից անմիջապես ուսումնական օրվա ընթացքում։ Երկու անչափահաս երեխաներին դուրս են բերել դասասենյակից դասի ընթացքում եւ հայտնել նրանց «հեռացման» մասին, որից հետո արգելել են վերադառնալ դասերին։ Միեւնույն ժամանակ մեզ որեւէ գրավոր տեղեկացում չի տրամադրվել. հեռացումը հայտարարվել է բացառապես բանավոր ձեւով, ինչը ուղղակիորեն խախտում է ՀՀ կրթական իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ներառյալ՝ դպրոցի պարտականությունը ժամանակին գրավոր ձեւով ծանուցելու ծնողներին։ Միայն 3 օր անց, երբ մենք պահանջեցինք պաշտոնական փաստաթղթեր, վարժարանի վարչակազմը տրամադրեց հեռացման հրամանի պատճենը, որտեղ անսպասելիորեն նշված էր ձեւական պատճառաբանություն՝ «սոցիալական քարտեր չներկայացնելը»,- ասում է ծնողը։

«Սոցիալական քարտերը ժամանակավորապես չէին ներկայացվել հարգելի եւ փաստաթղթերով ապացուցվող պատճառով. երեխաները չունեին գրանցում, քանի որ մենք գտնվում էինք նոր բնակարանի գրանցման գործընթացում։ Մեր նորակառույց շենքը դեռեւս գտնվում էր կադաստրի հաշվառման փուլում, եւ գրանցման իրականացումը օբյեկտիվորեն հնարավոր չէր։ Այս հանգամանքը անմիջապես ներկայացվել էր դպրոցի վարչակազմին։ Չնայած դրան՝ դպրոցը անտեսել է ներկայացված հիմնավորումները եւ սոցիալական քարտերի խնդիրը օգտագործել է որպես արհեստական պատճառ՝ օրինականացնելու նախապես բանավոր ձեւով հայտարարված հեռացումը, ինչը ընդգծում է դպրոցի աշխատակիցների գործողությունների ապօրինի եւ կողմնակալ բնույթը»,-կրթության պատասխանատուներին ուղղված նամակում նշել է ծնողը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծնողին է փոխանցել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարանի տնօրենի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված պարզաբանումը՝ ծնողի դիմումում բարձրացված խնդրի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղղված նամակում վարժարանի տնօրեն Արտավազդ Մամյանը, ի թիվս այլնի, նշել է, որ Ղարաբաղցյանի երեխաները վատ են արտահայտվել Հայաստանի վերաբերյալ այլ երեխաների ներկայությամբ, ինչին ավելի ուշ միջամտել է դասղեկը՝ խնդրելով զերծ մնալ նման արտահայտություններից: Անդրադառնալով, երեխաների եղբոր՝ վարժարան մուտք գործելուն, տնօրենը նշել է, որ երեխաների եղբորը ներս է ուղեկցել համալսարանի շրջանավարտ ազգականը: Նաեւ հավելել է, որ երիտասարդի մուտքը վարժարան արժանացել է ուսումնասիրության, իսկ անվտանգության աշխատակիցը ստացել է զգուշացում: Տնօրենը նամակում նշել է, որ աղջիկների եղբոր հայտնվելը դասարանում տագնապի մթնոլորտ է առաջացրել, ինչից հետո իրենք դասղեկի միջոցով ծնողին հրավիրել են վարժարան դեպքը քննարկելու, եւ այդ ժամանակ քույրերին հեռացնելու մասին խոսք անգամ չի եղել: Փոխտնօրենը նշում է, որ Ղարաբաղցյանի հետ հանդիպումը հարթ չի անցել, իսկ նրա՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակում այլափոխված է փոխտնօրենի խոսքը, մեջբերված չեն մեր երկրի համար նվաստացուցիչ համեմատականները Եվրոպայի հետ: Վարժարանի տնօրենի նամակում նաեւ նշվում է, որ ծնողը վիրավորել է վարժարանի անձնակազմի ազգային արժանապատվությունն ու համոզմունքները, եւ որ իրենց կրթական հաստատությունում աշխատում են երկարամյա մանկավարժական փորձ եւ գիտական ձեռքբերումներ ունեցող մասնագետներ: Տնօրենը նշել է, որ ծնողն ասել է, թե նպատակահարմար չի գտնում երեխաների սովորելն իրենց վարժարանում, ինչին ի պատասխան տնօրինությունն ասել է, որ պայմանագիրը չշարունակելը ծնողի իրավունքն է, ու այդ իրավունքն ունի նաեւ վարժարանը՝ հաշվի առնելով ծնողի հայտարարությունները:

Գոհար Ղարաբաղցյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց չեն բավարարել այս պատասխանները եւ իրենք պատրաստվում են խնդիրը վիճարկել դատական կարգով, հատկապես որ կատարվածը հոգեբանորեն բացասաբար է անդրադարձել անչափահաս երեխաների վրա, իսկ ինքն արժանացել է կոպտագույն վերաբերմունքի, որոնք հարիր չեն մանկավարժներին, կրթական գործունեություն իրականացնողներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031