Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում պարգեւավճարի թեմա չկար, որովհետեւ մարդկանց կանխիկ էր փող բաժանվում, մենք թափանցիկ ենք գործել. Ֆինանսների նախարար

Հունվար 21,2026 12:46

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե որ նվաճումների համար են պաշտոնյաները պարգեւավճարներ ստացել, եւ ինչպիսին է եղել անձամբ իր դիրքորոշումը կոնկրետ վերջին պարգևատրումների վերաբերյալ, հետեւյալ կերպ արձագանքեց. «Պետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարիներին չի փոխվել: 1-2 տարի առաջ քննարկում է եղել այն մասին, որ այստեղ ինչ-որ բան է պետք անել, որովհետեւ ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներին կամ մեծ հաջողություններ ունեցած մարդկանց, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, ներգրավելը պետական համակարգ, այդքան էլ հեշտ չէ: Պատճառներից մեկն էլ հենց այն աշխատավարձերի մակարդակն է, որը գոյություն ունի:

Քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ էլ ավելի խոցելի են, քան մասնավոր ոլորտում գործունեություն ծավալողները, հետեւաբար այստեղ պետք էր մի փոքր ավելի վճարել այդ աշխատանքն անելու համար: Այս քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը երեւի այդքան ճիշտ չէ, եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել եւ այդ թիրախների գնահատման արդյունքով աշխատավարձր բարձրացումը ոչ բոլորի համար նույնը լինի: Այսինքն, նրանց համար, ովքեր կունենան ավելի լավ կատարողական, կլինի ավելին մյուսների համեմատ»:

Նախարարն ասաց, որ սահմանվել էին տարբեր թիրախներ, եղել է գնահատման գործընթաց, եւ գնահատման հիման վրա էլ բաշխվել են գումարները, որոնք նա որակեց ոչ թե պարգեւավճարներ, այլ աշխատավարձի բարձրացում՝ մի փոքր այլ եղանակով:

«Այս քայլն անելը խիզախ քայլ է, որովհետեւ նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ, որովհետեւ ավելի հեշտ էր, որ մեկը գար ու կանխիկ ինչ-որ մարդկանց փող բաժաներ եւ դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկը պարգեւավճար չստանար եւ դա շահարկման թեմա չդառնար: Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչ թափանցիկ ու հասկանալի լինի…Կարծում եմ, որ մեր հանրությունը եթե չասեմ՝ պետք է առնվազն գոհ լինի, ապա պետք է չզայրանա սրանից… Մենք հավելյալ 300 մլրդ հարկ ենք հավաքել, այդ հարկը հավաքվել է, որովհետեւ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացվելու համար, մարդիկ հարկերը վճարում են, եւ այդ հարկերի մի մասը պետք է վճարվի որպես աշխատավարձ»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

 

Ասուլիսն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031