Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին կից «եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը» կոչ է անում չեղարկել Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը

Հունվար 21,2026 13:21

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի հայտարարություն

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․

1.Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։

2.Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է, որը Հայ Եկեղեցու Նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ Քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների կողմից։ Որպես Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր  եպիսկոպոսները։ Իր անկախությունն  ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց Պետականությունը։

3.Համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, Հայ Եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստիճան հոգևորականների առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին, Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում՝ սույն հարցերը հստակեցնելու և ապա Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում ընդգրկելու, ինչպես նաև հրավիրված սրբազաններին նախապես մանրամասներին տեղեկացնելու համար։

4.ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց, մասնագետների և հավատացյալների կողմից Հայ Եկեղեցու վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերը մնացել են անարձագանք։ Հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցրած անձի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքներին, նրա հետ հանդիպելու և հարցը քննարկելու վարչապետի առաջարկին՝ մինչ օրս որևէ պատասխան չի տրվել։

Վերոնշյալ պատճառներով և առանց բավարար նախապատրաստության, հիմնավորված չէ, անկարելի է նման ժողովի գումարումը։ Այսպիսի իրավիճակում կայացվող ապակառուցողական ժողովի կողմից առնվելիք կանխակալ որոշումները կանոնական չեն և չեն կարող լինել ընդունելի։ Առավել ևս, որ նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին։

Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․

ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը,

բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև,

գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար,

դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցելուց այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը,

ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին,

զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։

Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։

«Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031