Լրահոս
Օրվա լրահոսը

Կայա Կալասի եւ Հաքան Ֆիդանի հայտարարությունները միջամտություն չեն, աջակցություն են․ Արարատ Միրզոյան

Հունվար 21,2026 17:55

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտնի հայտարարությունը ՝ «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար», ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ խնդրահարույց չէ, այն աջակցություն է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին։

«Կարող ենք ողջունել և շնորհակալություն հայտնել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մանիպուլացվել է հայտնի շրջանակների կողմից։ Առհասարակ, իր գնահատմամբ, մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական և հասարակական կյանքի առօրյայի մասը եւ առաջիկա 5-6 ամիսներին մանիպուլյացիաները շատ են լինելու։

Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը Արարատ Միրզոյանը համարում է աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարությանը․ «Ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է այդ գործընթացների նկատմամբ: Խրախուսանք կամ կոչ էր ուղղված ՀՀ-ին եւ Ադրբեջանին: Վատ բան կա՞ այստեղ: ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել: Ճաշակի հարց է»։

Արձագանքելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների զուգահեռականության մասին դիտարկմանն էլ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ասում ենք, որ սրանք մեկը մյուսով պայմանավորված չեն, բայց օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի։ Ի վերջո, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սերտությունն էլ գաղտնիք չի, իրենք էլ են ասում, որ փոխկապակցում են քայլերը։ Ինչ-որ առումով կապը մենք պետք է ճանաչենք, բայց, ի վերջո, դա եռակողմ պայմանավորվածություն չի, զուգահեռ գործընթաց է։ Ինչ-որ կապ անշուշտ կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031