Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Սարգսյան, ձեզ երբևէ մտահոգե՞լ է, որ ոստիկանությունը գնա և ապահովի նաև այն պատարագների պատշաճ ընթացքը, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը»

Հունվար 21,2026 19:35

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ինչո՞ւ ոստիկանությունը չի ապահովում նաև այն պատարագների անվտանգությունը, որոնց Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում։

«Տիկին Սարգսյան, ակնհայտ է, որ երբ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության կողմից հրահանգված միջոցառում է՝ ծիսակատարություններին մասնակցության մասով, ոստիկանությունը համառ ուղեկցում է։ Ավելին, նույնիսկ ակնհայտ հնչած բռնության սպառնալիքի ներքո ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ սպառնալիքը հնչեցրած պաշտոնական անձին կամ ՔՊ աջակցին պատասխանատվության կանչելու կամ նման վարքագիծը կանխելու համար։ Ձեզ երբևէ մտահոգե՞լ է, որ մյուս դեպքերում էլ ոստիկանությունը գնա և ապահովի այն պատարագների պատշաճ ընթացքը, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը կամ որը մատուցվում է այն քահանաների և սրբազանների մասնակցությամբ, որոնք հայտարարում են, որ Ամենայն հայոց վեհափառի կողքին են»,– հարցրեց Արծվիկ Մինասյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Ոստիկանությունը պահպանելու է և ներկայումս էլ պահպանում է հասարակական կարգը և անվտանգությունը այնտեղ, որտեղ պետք է պահպանի։ Եվ խոսքս վերաբերում է ՀՀ ամբողջ տարածքին՝ առանց որևէ խտրականության։ Շատ հաճախ քննադատություններ են հնչում, որ այս պատարագի դեպքում պահպանվում է, այն պատարագի դեպքում չի պահպանում։ Այն բոլոր տեղերում, որտեղ հասարակական կարգի և անվտանգության պահպանման հարց կա, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել դա։ Կա օրենք, ոստիկանության առջև հստակ դրված է հասարակական կարգի և անվտանգության ապահովման ֆունկցիա, այդ ֆունկցիան իրականացվելու է՝ անկախ նրանից, դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե դուր չի գալիս։ Եթե մենք գնահատում ենք, որ կան խախտումներ, դրանց տրվում է համապատասխան գնահատական»։

Արծվիկ Մինասյանը շարունակեց հարցադրումը․ «Տիկին Սարգսյան, համայնքի ղեկավարը հրահանգում է, որ եկեղեցու քահանան չպետք է մտնի եկեղեցի։ Ոստիկանությունը կանգնած այնտեղ ապահովում է այդ հրահանգի կատարումը, քահանային չեն թողնում մտնի եկեղեցի։ Դուք դա համարում եք որևիցե մեկին դուր գալ թե չգալ, թե՞ օրենքի ուղիղ խախտում այն ոստիկանների կողմից, որոնք ակնհայտ անգործություն են ցուցաբերում կամ որոնք աջակցում են հենց իրավախախտին։ Եկեղեցին դիմում է ձեզ, ասում է՝ հնարավոր անկարգություններ են լինելու, խնդրում ենք ներկա եղեք և ապահովեք, որպեսզի ծիսակատարությունը պատշաճ ընթացք ունենա։ Դուք ընթացքավորո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու կոնկրետ սրբազանի դիմումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Մինասյան, այո, ընթացքավորում ենք։ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի կողմից ունեցել ենք դիմում, որտեղ ներկայացուցիչը բողոքել է ոստիկանության անգործությունից։ Վերադաս վարչարարության շրջանակներում ես անդրադարձել եմ այդ բողոքին։ Եվ դրանում կա հստակ եզրահանգում, որ ոստիկանության տեսանկյունից կարևոր է ապահովել կրոնի ազատության սահմանադրական իրավունքը։ Եվ այդտեղ գտնվող հավատացյալների տեսանկյունից մենք չէ, որ պետք է որոշենք՝ արդյոք հավատավորները կոնկրետ քահանային ուզում են տեսնել եկեղեցու կոնկրետ միջոցառմանը, թե՞ ոչ։ Մենք երաշխավորել ենք թե այնտեղ գտնվող հոգևորականի կողմից ծեսի կատարումը, և թե հավատավորների կողմից այնտեղ իրենց կրոնական ազատությունն իրականացնելու իրավունքը։ Տվյալ դեպքում ոստիկանության կողմից անգործություն չի դրսևորվել»,– նշեց Արփինե Սարգսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031