Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխը քացով խփի պաշտոնյայի դուռը բացի՞․․․ ոտքերը կջարդեմ»․ Նիկոլ Փաշինյանն ու Ագնեսա Խամոյանը լեզվակռիվ տվեցին՝ նախարարների բարձր պարգևավճարների թեմայով

Հունվար 21,2026 19:44

«Մեծ ճիգեր չպահանջվեցին»,– ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին իրենից կառավարության անդամներին պարգևավճարներ տալու «խիզախ քայլին» գնալու և տարեվերջին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար։

«3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով՝ անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել։ Ի դեպ, այսօր ֆինանսների նախարարն էլ առավոտյան հայտարարել էր, որ դա շատ «խիզախ» քայլ է և մեր սիրելի հայրենակիցները չպետք է զայրանան դրանից։ Գիտե՞ք, վերջին օրերին, լսելով պարգևավճարների հետ կապված արդարացումները, մեկնաբանությունները, մտածում եմ՝ թե հայ ազգը ո՞նց պետք է շնորհակալ լինի ձեզ, ո՞նց պետք է սրա տակից դուրս գա։ Ես առաջարկում եմ՝ մարդը մի արիության մեդալ բաժանեք, մի 9 միլիոն դրամ էլ՝ որպես խիզախության համար դրամական պարգևատրում։ Սա այսքան տխուր չէր լինի, եթե նույն օրերին դուք չհայտարարեիք, պարոն Փաշինյան, որ մեր տատիկներին և պապիկներին, թոշակառուներին 10 000 դրամ չեք տալիս, որովհետև իրենք չգիտեն՝ 10 000 դրամը ո՞նց ծախսեն»,– հարցն այսպես էր ձևակերպել Ագնեսա Խամոյանը։

Նա առաջարկ էլ ուներ՝ կառավարությունը խորհրդարանում է, և յուրաքանչյուրը մարդ 7–8 միլիոն դրամ պարգևավճար են ստացել․ «Առաջարկում եմ փոքր բրիֆ անենք և մեր տատիկներին, պապիկներին, ովքեր կքած են վարկերի, պարտքերի, կոմունալների, թանկացումների տակ, բացատրենք, թե ինչպե՞ս կարելի է ծախսել 10 000 դրամը»։

Պարգևավճարների իր «խիզախ քայլին» Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է նրանով, որ պաշտոնյան կենտրոնացած կլինի իր աշխատանքի վրա և զերծ՝ կողմնակի ազդեցությունից․ «Այդ թվում նաև տարբեր հարազատների, բարեկամների խնդիրների առաջ խեղճանալու տրամաբանությունից։ Այո՛, թալանածը ձեզանից հավաքել ենք և դրա 0,0001 տոկոսը բաժանել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա»։ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում պաշտոնյաները ծրարով գումարներ էին ստանում օլիգարխներից․ «Օլիգարխը քացով խփի պաշտոնյայի դուռը բացի՞․․․ ոտքերը կջարդեմ»։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ իր ղեկավարած կառավարության տարբեր որոշումներով նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031