ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մեղադրել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից ծրարով գումար վերցնելու մեջ։ Փաշինյանը նաև ասել էր, թե Միքայել Մինասյանն էլ է նախկինում պատգամավորներին ծրարով գումար տվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Ասում եք՝ թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Թալանածը հավաքել էիք, որ ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք։ Հետո այնտեղ խոսք է գնում ծրարների մասին. եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչո՞ւ եք դուք նույնը անում՝ ուղղակի պետական բյուջեից։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ ծրարով թաքուն չտրվե՞ր, այլ պետական բյուջեից տրվե՞ր։ Միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք, դա դուք եք»։
Աննա Գրիգորյանը նաև հերքեց, թե իրենց խմբակցության պատգամավորները ծրարով գումար են ստացել․ «Եթե կարողանաք ապացուցել, որ ես կամ իմ գործընկերները երբևէ ծրարով 10 դրամ ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես հստակ ասացի՝ վերադարձված թալանի 0,000001 տոկոսը մենք դրել ենք պետական ինստիտուտի վերականգնման վրա։ Այո, այս որոշման արդյունքում ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը ձգտելու է զրոյի։ Մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը։ Ինչ վերաբերում է ծրարով փողերին, ես գիտեմ, որ դրանց հետ կապված հարուցված քրեական գործեր կան, ես դա քննելու կարիք չունեմ։ ՀՀ իրավասու մարմինները կքննեն և կտան անհրաժեշտ պատասխաններ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Գրիգորյանն ասաց․ «8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարության ուղիղ դրսևորում է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































