Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակով հարվածելուց հետո դանակը չի մաքրել, չի տեսել վրան արյան հետքեր կա՞ն, թե՝ ոչ

Հունվար 22,2026 13:00

Վճռաբեկ դատարանի արձանագրմամբ, ողջամտորեն կվտանգվեր «չկա հանցագործություն եւ պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» հանրահայտ սկզբունքը: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության եւ պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով եւ չափով: Վճռաբեկ դատարանը հունվարի 16-ին փաստեց, որ Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետեւությունները հիմնավորված չեն։

Արեն Սոխակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ոչ սթափ վիճակում 2024 թ. փետրվարի 24-ին Ալավերդիում` փողոցում, վեճի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Կարեն Գ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Ըստ գործի նյութերի` «դանակով հարվածելուց հետո դանակը չի մաքրել, չի տեսել վրան արյան հետքեր կա՞ն, թե՝ ոչ, դեպքը շատ արագ է տեղի ունեցել, անգամ չի հասկացել, որ հարվածել է Կարենին»: Տուժող Կարեն Գ.-ն դատական նիստում ցուցմունք էր տվել, որ ճանաչում է Արենին, մոտ 15 տարվա ընկերներ են։

Քրեական գործի վարույթը` երկու հատորը հանձնվել էր մարզի դատավոր Լ.Սեփխանյանին:

Լոռու մարզի դատարանն արձանագրել էր, որ Ա. Սոխակյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելով՝ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը եւ փաստել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, որոշել էր տնային կալանքի փոխարեն կիրառել բացակայեյու արգելք խափանման միջոցը:

2024թ. սեպտեմբերի 17-ի դատավճռով դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել, վճռել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով` Սոխակյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա: Պաշտպան Արամ Մաթեւոսյանը վերաքննիչ բողոք էր բերել, որով խնդրել էր ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. դատավճիռը պատժի մասով եւ կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ մեղադրյալ Ա. Սոխակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ճանաչել անմեղ եւ արդարացնել եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամանակով, պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Սոխակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, եւ որ Ա.Սոխակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի եւ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ: Նշվել էր մասնավորապես հետեւյալ գործոնը. հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, այն, որ մեղադրյալ Ա.Սոխակյանը դանակի գործադրմամբ մեկ անգամ հարվածել է տուժողի՝ կենսականորեն կարեւոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հատվածին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս, մեղադրյալ Ա. Սոխակյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը գնահատելիս, առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետեւության, ինչը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին: Ըստ Վերաքննիչ դատարանի` մեղադրյալ Ա. Սոխակյանի պաշտպան Արամ Մաթեւոսյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Մարգարյանի վերաքննիչ բողոքը բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով պետք է փոփոխել: Մեղադրյալ Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել։

Անցած տարվա սեպտեմբերից պաշտպան Ա.Մաթեւոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում էր: Բողոքի հեղինակի պնդմամբ, քրեական վարույթի նյութերում առկա չէ որեւէ ապացույց, որը բավարար կլիներ փաստելու, որ մեղադրյալ Ա. Սոխակյանն իր մոտ առկա դանակը նախապես հարմարեցրել է տուժողի առողջությանը վնաս պատճառելու նպատակով, որպիսի պայմաններում իրատեսական չէ այն կանխատեսումը, թե մեղադրյալը կարող էր ենթադրել տուժողի հետ հանդիպելու եւ նրանց միջեւ վիճաբանություն ծագելու հանգամանքը։ Ըստ պաշտպանի` դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն վկայում, որ մեղադրյալի եւ տուժողի միջեւ նախկինում որեւէ թշնամական վերաբերմունք, անձնական հակասություն է եղել, այլ ընդհակառակը՝ գործի նյութերով հաստատվում է մեղադրյալի եւ տուժողի միջեւ ընկերական կապի առկայությունը, եւ վեճը պատահական ծագելու հանգամանքը։ Բողոքաբերը փաստել է նաեւ, որ ցուցմունքներից պարզ է դառնում տուժողի կողմից վիճաբանությունը սկսելու փաստը, որն ուղղորդվել է հարվածներով, հայհոյանքներով, որպիսի հանգամանքը վկայում է, որ մեղադրյալը չէր կարող ունենալ վիճաբանելու նպատակ եւ այդ նպատակն իրականացնելու համար նախապես հարմարեցրած առարկա կամ միջոց: Բողոքաբերը փաստել է նաեւ, որ Վերաքննիչ դատարանն Արեն Սոխակյանի անձը բնութագրող եւ պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները պատշաճ վերլուծության չի ենթարկել Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչն էլ հանգեցրել է ոչ հիմնավոր որոշման կայացման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, հատկապես մեղայականով ներկայանալու հանգամանքը, տուժողի կողմից մեղադրյալին հարվածելը, հայհոյելը, բողոք չունենալը եւ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է:

Երեկ տեղեկացանք, որ հունվարի 16-ին Վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննության առնելով պաշտպանի բողոքը, որոշել է փոփոխել առաջին ատյանի դատավճիռը եւ վերաքննիչ դատարանի որոշումը: Ա. Սոխակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը։

Ա.Սոխակյանի անազատության մեջ գտնվելու 2 ամիս 20 օրը հաշվակցել նշանակված պատժի ժամկետին, եւ թողնել կրելու ազատազրկում՝ 2 տարի 9 ամիս 10 օր ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվել Սոխակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` «Գնահատելով գործի փաստական հանգամանքները, դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ վերջինս իր գրպանում ունեցել է փակ դանակ, տուժողի կողմից իրեն հայհոյելուց եւ ապտակելուց հետո գրպանից հանել է դանակը, մի ձեռքով բռնել է, իսկ մյուսով բացել եւ մեկ անգամ հարվածել տուժողին, այնուհետեւ տեսնելով, որ իրենց է մոտենում ոստիկանության աշխատակիցը, դանակը դրել է գրպանը։ Նման պայմաններում դատարանը փաստում է, որ մեղադրյալն իր մոտ պահած դանակը նախապես՝ մինչեւ հանցանք կատարելը հարմարեցրել է՝ հանել գրպանից, բացել եւ դրա գործադրմամբ կատարել է հանցանք: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվու»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031