«ՀՀԿ-ի իշխանության տարիների ընթացքում միջին կենսաթոշակը մենք բարձրացրել ենք 3,6 անգամ․ երբ համադրում ես մեր թողած միջին կենսաթոշակը, ներկայիս միջին կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի հետ, մեր պարագայում մի քանի տոկոս ավելի բարձր է։ Այսինքն, մի քիչ ավելի շատ բան կարելի էր գնել։ Ամեն տարի մենք միջինում 2300 դրամով ենք բարձրացրել միջին կենսաթոշակը, իրենք 1300 դրամով են բարձրացնում։ Սա քաղաքական ֆոկուսնիկություն է»,-խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին։
Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր անդամներ են խոսում այն մասին, որ իրենց իշխանության տարիներին կենսաթոշակը բարձրացել է երեք անգամ՝ 16 հազար դրամից դառնալով 43 հազար դրամ։
Հայկ Մամիջանյանը հակադարձում է՝ իրենք խոսում են նվազագույն կենսաթոշակի մասին, որը ստանում են աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիները՝ 70 հազար մարդ, այսինքն, 600 հազար թոշակառուների 12 տոկոսը։ Սրան եթե ավելացնենք գնաճը բոլոր ոլորտներում, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, պատկերն ավելի խոսուն է դառնում։
«Երեկվա հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մենք կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ՝ հետո պաուզա է վերցնում եւ ասում՝ տարբեր որոշումներով․ սա մանկապարտեզի մանիպուլյացիա է»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ եթե համեմատենք ՔՊ-ականների պարգեւատրումներն ու իրենց բարձրացրած կենսաթոշակները՝ «կտեսնենք թե իրենք ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ տատիկ-պապիկների՞ն, թե՞ իրենց»։
Կարդացեք նաև
«2018-ին որ ասում էին «դուխով», փաստորեն նկատի ունեին, որ «դուխով» եւ «խիզախ» կորոշեն իրենց թոշակները բարձրացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրավերին՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու, որտեղ մասնակցության նախապայմաններից է 1 մլրդ դոլարի ներդրումը, Հայկ Մամիջանյանն ասաց՝ փաստորեն, ՀՀ քաղաքացիները վճարելու են մեկ միլիարդ դոլար, որ Փաշինյանը ևս մեկ նկար ունենա՞ Թրամփի հետ․ «Լավ թանկ են նստում մեզ վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց «ՍՈՒ»-երի սելֆին, այդ ինքնաթիռները մեկ անգամ չեն օգտագործվել ՀՀ ինքնիշխանություն, պաշտպանության, սահմանների ամբողջականության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































