«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձը
Մեր տնտեսական ծրագիրը ներկայացնելուց հետո շատ են հարցերը մեր հայրենակիցների մոտ, որոնցից ամենակարևորը կապված է երկրորդ կետի հետ։ Ասում են՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից։ Այո, ճիշտ է։ Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչները ազատվելու են հարկերից։ Շրջանառության հարկից ազատվելու են կրպակները, փոքր խանութները, ազատվելու են վարսավիրանոցները, ազատվելու են ավտոլվացման կետերը, ազատվելու են բոլոր ծառայություններ մատուցող փոքր ընկերությունները։
Սա կարևոր քայլ է։ Այստեղ կա տնտեսական նպատակահարմարություն։ Գիտե՞ք՝ ինչու ենք մենք դա անում։ Առաջինը՝ որ այս ընկերությունները սկսեն մեծանալ, որ այս միջոցները, խնայած միջոցների հաշվին, նրանք նոր աշխատատեղեր ստեղծեն, նոր մարդիկ ներգրավեն, որ մենք հաղթենք գործազրկությանը Հայաստանում, քանի որ գործազրկությունը աղքատության հիմքն է։
Բայց ի՞նչ հարց են մեզ տալիս, ասում են՝ իսկ ինչպե՞ս է բյուջեն այդ դեպքում դիմանալու։ Շատ լավ հարց է, շնորհակալ ենք, որ տալիս եք, բայց մի տարօրինակ թիվ ասեմ ձեզ։ Հայաստանում գործող ընկերությունների 70%-ը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի ընդամենը 2.5%-ը։ Այսինքն՝ ամբողջ փոքր բիզնեսը, շրջանառության հարկով հարկվողը, վճարում է ընդամենը մեր բյուջեի 2.5%-ը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ոչ թե 2.5%, 5% ենք գտնելու և ավելացնելու, այլ մեծ բիզնեսի և տարբեր տնտեսական ծրագրերի հաշվին՝ տասնյակ տոկոսներով բյուջեն ավելանալու է, և չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիքը։ Իսկ դուք պատկերացնում եք մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում, փոքր բիզնեսը չի առնչվում հարկայինի հետ, և միակ խնդիրը, որ պետությունը դնում է փոքր բիզնեսի առաջ՝ մեծանալ, դառնալ միջին բիզնես։ Այդ ժամանակ արդեն թող սկսի շահութահարկ վճարել, բայց փոքր բիզնես լինելու ժամանակ պետությունը միայն չխանգարելու քաղաքականություն է վարելու։
Կարդացեք նաև
Երկրորդ հարցը, որ ես իմացա, որ տվել են մեզ, դա պետական պաշտոնյաներից մեկն է հարցրել, ասել է, որ բանակում ես չեմ ծառայել։ Բանակում ծառայելու հետ կապված, որպեսզի դուք վստահ լինեք, որ ինչ նախապատմություններ կա, սա իմ նամակն է, գրված ութ տարի առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր զինկոմիսարին, որտեղ ասում եմ՝ ես՝ Նարեկ Կարենի Կարապետյանս, սահմանադրական պարտքս կատարելու համար խնդրում եմ ինձ զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությանը։ Կից ներկայացնում եմ զինվորական գրքույքի պատճենը, ծննդյան վկայականը և իմ ստորագրությունը։ Պատասխանը եղել է բացասական նախարարության կողմից։
Բայց որպեսզի լրացնեմ ռազմական գիտելիքների բացը, ես եղել եմ առաջին սանը մի մեծ կառույցի, որը Հայաստանում այսօր գործում է, որը Հայաստանում այսօր զինվորական և մինչև զինվորական ծառայություն, և զինվորական ծառայությունից հետո ռազմական գիտելիքներ տալու ամենամեծ կառույցն է Հայաստանում, և հազարավոր երիտասարդներ են այնտեղ հաճախում։ Ես եղել եմ առաջինը, կարելի է ասել՝ իմ վրա է փորձարկվել այդ համակարգը։
Ես ուրախ եմ և ես շնորհակալ եմ այն հրամանատարից, ում հետ աշխատել եմ այս ուղղությամբ։ Մի օր կներկայացնեմ դա, երբ մենք կներկայացնենք մեր անվտանգային ծրագիրը արդեն։


















































