Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի այցելել հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին։ Հարցին, թե ինչո՞ւ չի փորձում հանդիպել հացադուլի մեջ գտնվող անձին, Մանասյանը պատասխանեց․ «2025 թվականին Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հայտարարվել է 300-ից ավելի հացադուլ։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Այդ բոլոր դեպքերում քաղաքացիներին այցեր ենք կազմակերպում։ Բայց սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք դարձյալ այն դեպքում, երբ կարիք է լինում դարձյալ այնպիսի տեղեկատվություն ձեռք բերել, որն այլ կերպ հնարավոր չէ ձեռք բերել։ Եթե խոսում ենք այս դեպքի մասին, նախ նշեմ, որ մեզ ընդհանրապես դիմում չի ներկայացվել»։
Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին եւ հարցին, որ փաստաբանը ասել էր՝ վիրահատության կարիք կա՝ ՄԻՊ-ն ասաց․ «Վիրահատության հետ կապված, քանի որ հրապարակային է եղել տեղեկատվությունը, ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ այն դեպքում, եթե վիրահատությունը անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար, պետք է կազմակերպվի սահմանված ձեւաչափով։ Եթե չեմ սխալվում, պետական մարմիններն այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանք են իրականացրել, այլ այս պահին պետք է որ լինեն նաեւ արդյունքներ»։
ՄԻՊ-ն ասաց, որ այցելել է Միքայել սրբազանին։ Հարցին, թե ի՞նչ առողջական խնդիր ունի սրբազանը, Մանասյանը պատասխանեց, որ դա բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանին հարց ուղղվեց այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, բայց պատասխանատվության չի ենթարկվել, ՔՊ խմբակցության պատգամավորը սպառնացել է կտրել քաղաքացու ականջները, դարձյալ չի պատժվել, իսկ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են բառի համար։ Մանասյանն ասաց, որ խոսքի համար քրեական պատասխանատվությունն ամենածայրահեղ դեպքերում պետք է ի կիրառվի։ «Եվ այս մասին ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ, որովհետեւ, այո, այնպես չէ, որ խոսքի համար բացառված է քրեական պատասխանատվությունը, բայց նաեւ պետությունը պետք է հստակ ցույց տա՝ ինչո՞վ է խոսքի այդ տեսակը հատել սահմանը, որ այդպես ծանր է դիտարկվել, եւ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ, այո, Հայաստանում կա երկակի արդարադատություն։ Եվ ես էլ եմ խոսել այդ մասին, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում դեռեւս գոյություն ունի հայեցողական արդարադատություն»,- նշեց Անահիտ Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Մանասյանի՝ իշխանությունները պետք է հստակ ցույց տան չափանիշը՝ այդ ինչո՞վ հատեցին սահմանը, որ քրեական պատասխանատվության ենթարկվեցին։ Հակառակ դեպքում կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ։ Նա նշեց, որ բոլոր պաշտոնատար անձանց այս հարցերը հրապարակային ուղղում է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































