Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների ամենաշատ օգտագործվող բառերից մեկը «խաղաղությունն» է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում այն ներկայացվում է որպես այլընտրանք չունեցող ուղի՝ պատերազմների դարաշրջանը փակելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հայաստանի ապագան ապահովելու համար։ Սակայն հարցը, որը հասարակության ներսում ավելի ու ավելի հաճախ է հնչում, սա է․ «իսկապե՞ս այս խաղաղության օրակարգը կարող է բերել իրական, կայուն և արժանապատիվ խաղաղության»։
Ներկայիս «խաղաղության օրակարգը» ավելի շատ հիշեցնում է պարտության քաղաքական փաթեթավորում, քան ռազմավարական խաղաղաշինություն։
Խաղաղությունը որպես համակարգ, ոչ թե ցանկություն
Պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը երբեք չի ծնվում միայն բարի ցանկություններից կամ գեղեցիկ հռչակագրերից։ Իրական խաղաղությունը միշտ հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա․
- ուժերի հարաբերական հավասարակշռություն,
- իրական երաշխիքներ, ոչ թե խոստումներ,
- ներազգային համաձայնություն և վստահություն պետության ներսում։
Այս երեք գործոններից որևէ մեկի բացակայությունը խաղաղությունը դարձնում է ժամանակավոր դադար, ոչ թե կայուն վիճակ։ Հայաստանի ներկայիս վիճակում բացակայում են երեքն էլ։
Ուժերի անհավասարակշռություն․ խաղաղություն թուլության պայմաններում
Պատմական օրինակները հստակ են։
Վերսալի պայմանագիր (1919)
Գերմանիային պարտադրված «խաղաղությունը» իրականում չբերեց կայունություն, այլ ստեղծեց նվաստացման, տնտեսական ճնշման և ռևանշիզմի մթնոլորտ։ Արդյունքը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ։
Ռուսաստան–Չեչնիա (1996)
Ռուսաստանը ստորագրեց Խասավյուրտի համաձայնագիրը ուժերի ժամանակավոր թուլության պայմաններում։ Խաղաղությունը տևեց ընդամենը մի քանի տարի, մինչև նոր, ավելի կոշտ պատերազմը։
Ֆրանսիան՝ Ֆրանկո-պրուսական պատերազմից հետո (1871)
1871-ի Ֆրանկո-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունը և Ալզաս–Լորենի կորուստը խորը ազգային նվաստացում էին։ Գերմանական կայսրության հռչակումը Վերսալում ուժեղացրեց հակագերմանական տրամադրությունները և ծնեց ռևանշիզմը, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր հոգեբանական հիմքերից մեկը։
Այսօր Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ ոչ թե ուժերի հարաբերական հավասարակշռության, այլ ակնհայտ թուլության պայմաններում։ Երբ մի կողմը զիջում է առանց փոխհատուցման, դա հակառակ կողմի համար խաղաղության ազդանշան չէ, այլ՝ նոր պահանջների հրավեր։
Ադրբեջանի «խաղաղության» իրական պատկերացումը
Պետք է հստակ հասկանալ՝ ինչ է նշանակում «խաղաղություն» Ադրբեջանի քաղաքական մտածողության մեջ։ Դա չի նշանակում սահմանների անխախտելիություն կամ փոխադարձ հարգանք։ Այն ներառում է․
Հայաստանի տարածքային ամբողջականության կասկածի տակ դնում,
Սահմանադրության փոփոխության պահանջ,
Պատմական և մշակութային ժխտում,
Մշտական ռազմական և հոգեբանական ճնշում։ Խաղաղությունը, որը մեկնաբանվում է որպես մեկ կողմի լիակատար հնազանդություն, միջազգային քաղաքականության մեջ երբեք խաղաղություն չի եղել։
Երաշխիքների բացակայություն․ թուղթը չի պաշտպանում
Փաշինյանի խաղաղության օրակարգը մեծապես հիմնված է միջազգային հանրության աջակցման վրա։ Սակայն պատմությունը կրկին դաժան դաս է տալիս։
Ուկրաինա (1994)
Բուդապեշտի հուշագիրը երաշխավորում էր Ուկրաինայի անվտանգությունը միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։ Երբ սկսվեց պատերազմը, այդ երաշխիքները մնացին թղթի վրա Սիրիա և Իրաք Միջազգային հայտարարությունները չկանխեցին տարածքային կորուստները, երբ պետությունները չունեին ինքնապաշտպանական կարողություն։
Իսրայել և Պաղեստին
Իսրայել–Պաղեստին հարաբերություններում 1993–1995 թթ. Օսլոյի համաձայնագրերը կոչված էին հիմք դնել խաղաղ համակեցության համար․ կողմերը պաշտոնապես ճանաչեցին միմյանց և հայտարարեցին հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին։ Սակայն գործընթացը չհանգեցրեց իրական վստահության ձևավորմանը․ կարճ ժամանակ անց բռնկվեցին նոր ինտիֆադաներ, բռնությունը շարունակվեց, և Օսլոյի համաձայնագրերը փաստացի մնացին թղթի վրա՝ առանց խոստացված խաղաղության իրականացման։
Հայաստանի դեպքում որևէ միջազգային մեխանիզմ չկա, որը պարտադրող ուժ ունի։ Առանց դրա խաղաղության մասին ստորագրված ցանկացած փաստաթուղթ դառնում է քաղաքական ինքնախաբեություն։
Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի վիճակում, երբ նախկին «դաշնակիցը» այլևս չկա, իսկ նորը՝ դեռ չկա։ Ռուսական «երաշխիքը» հեռանում է Հայաստանից, իսկ արևմտյան անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագիծը, չունեն իրական անվտանգության կոմպոնենտներ և չեն տալիս որևէ վստահություն անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
Ներքին պառակտումը՝ խաղաղության հակառակ կողմը
Իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն ընկալվում է որպես արդար և արժանապատիվ ամբողջ հասարակության կողմից։ Այսօր Հայաստանում․
հասարակության զգալի հատվածը դա ընկալում է որպես պարտադրանք,
բանակը և անվտանգության համակարգը դուրս են ռազմավարական որոշումների կենտրոնից,
սփյուռքը, եկեղեցին և փորձագիտական շերտերը համակարգված ներգրավված չեն։
Իշխանությունները համակարգային պառակտման գործընթացներ են վարում հասարակության տարբեր շերտերում։ Եկեղեցիում սկսած՝ այսպես կոչված «բարեփոխումները», ատելության խոսքը վարչապետի կողմից և քաղաքական «նախկին–ներկա» կեղծ բաժանումները ավելի են խորացնում հասարակության մեջ անջրպետները։
Նման պայմաններում խաղաղությունը չի դառնում ազգային նպատակ, այլ՝ իշխանության քաղաքական թեզ։
Ինչպիսին կարող էր լինել իրական խաղաղության ուղին Իրական խաղաղությունը հնարավոր էր միայն այլ տրամաբանությամբ․
պաշտպանական կարողությունների վերականգնում,
ազգային և պետական շահերի հստակ կարմիր գծերով բանակցություններ,
բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը կունենա անվտանգության հստակ բաղադրիչներ,
ազգային ներքին համախմբում։ Այս մոդելը կիրառել են բազմաթիվ փոքր պետություններ՝ Իսրայելը, Ֆինլանդիան, Հարավային Կորեան։ Նրանք խաղաղություն են կառուցել ոչ թե թուլության, այլ՝ ուժի և կանխարգելման միջոցով։
Եզրակացություն.
Փաշինյանի «խաղաղության օրակարգը» կարող է ապահովել կարճաժամկետ լռություն, ժամանակավոր կայունության պատրանք և արտաքին քաղաքական հարմարավետություն որոշ կենտրոնների համար։ Սակայն այն չի ստեղծում իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղություն Հայաստանի համար։ Խաղաղությունը, որը ծնվում է պարտության ընդունումից և ինքնիշխանության նահանջից, պատմության մեջ երբեք խաղաղություն չի մնացել։ Այն պարզապես եղել է նոր ճգնաժամի նախերգանք։
Փաշինյանի խաղաղության պատրանքը կվերածվի նոր, ցեղասպանական և պետականազրկման հետևանքով պատերազմի, երբ աշխարհում ստեղծվի հարմար պահ, և աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը շեղվի այս տարածաշրջանից, ինչը Բաքուն կմարսի, քանի որ, ինչպես վերջի շրջանի անցուդարձն են փաստում, մտել ենք անօրինության ամենաթեժ ժամանակաշրջան:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ


















































