– Իմ վրա գրված է, որ Արա Ռոստոմյանին հունիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել, որ մեղադրական եզրակացության մեջ գրված է, որ 2024 թվականի նոյեմբերից սկսած նպատակադրվել է իրագործել Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով գործողություններ։ Բայց մեղադրական եզրակացության բոլոր հատորներում մարտի 4-ից իմ անունն առաջին անգամ նոր շոշափվում է այն դեպքում, երբ երկար ժամանակ մեզ և՛ գաղտնալսել են, և՛ ներքին ու արտաքին դիտում են արել։ Գոնե գրվեր՝ Ռոստոմյանը մարտի 4-ից միացավ Բագրատ Գալստանյանի ահաբեկիչ խմբին, ոչ թե իմ անվան դիմաց գրվեր, թե 2024-ին ահաբեկչություն է նախապատրաստել,– այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ, Բագրատ սրբազանի գործով մեղադրյալներից Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով իր մեղադրանքին։
Ռոստոմյանը անդրադարձավ նաև մեղադրական եզրակացությունում նշված այն արձանագրությանը, որ կատարված խուզարկություններով մեղադրյալների տներից հայտնաբերվել է հաշվառված զենք-զինամթերք, պայթուցիչներ, ներկանյութեր, անձանց ցուցակներ… «Այսօր դատախազների տները, եթե խուզարկենք, հաշվառված զենք-զինամթերք հաստատ կհայտնաբերեն։ Ուրեմն բոլոր դատախազներին էլ կարող ենք ասել՝ ահաբեկիչ են։ Եթե մեր դատախազները ուսանող տղաներ ունեն ու ֆուտբոլի երկրպագու են, իրենց տներից այդ ծխացող սարքերը կհանեն՝ ոչ միայն կապույտ, այլև ռոզվի, նարնջագույն, գալուբոյ։ Դպրոցական տարիքի տղաներ, եթե ունենան, էդ պայթուցիչները, որ ամեն օր մեր տան հետևում տրաքացնում էին, նույն ձևի իրենց տնից կհանեն»։
Ռոստոմյանի խոսքով՝ իրենց ահաբեկիչ են որակել ներքին համոզմամբ, ոչ թե փաստերով։ Ըստ նրա՝ վարույթ իրականացնող մարմինը գյուղերում իրենց տներն էլ է խուզարկել, գոմերն էլ․ «Գոնե երկու տուկ խոտ բերեին որպես իրեղեն ապացույց, մեզ ասեին՝ էդ խոտերը թունելներում պիտի վառեիք։ Նման բան չեմ տեսել՝ ներքին համոզմամբ 18 հոգու տնից-տեղից կտրեն, բերեն, ասեն՝ ահաբեկիչ եք»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































