Լրահոս
Օրվա լրահոսը

Իգդիրում քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացումը և զբոսաշրջային աշխուժացումը

Հունվար 22,2026 20:22

Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքը հայտնել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իգդիրի մարզային կառույցի ղեկավար Նիզամեթթին Ադան հանդիպում է ունեցել տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Օրակարգում եղել են Ալիջան սահմանային անցակետի բացումը, Հայաստանի հետ հնարավոր զբոսաշրջային աշխուժացումը և տեղական ինքնակառավարման մարմինների բացթողումները։

Նշվում է, որ Ադան ընդգծել է Ալիջան անցակետի հնարավոր բացման դեպքում Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների ընդունման հարցում նախապատրաստական աշխատանքների կարևորությունը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով պատրաստվել և համապատասխան պետական կառույցներին է ներկայացվել համապարփակ զբոսաշրջային զեկույց։

Նա մասնավորապես նշել է. «Մինչև սահմանային անցակետի բացումն անհրաժեշտ է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները:

Նախկինում թույլ տրված ռազմավարական սխալների պատճառով մենք կորցրինք իրանցի զբոսաշրջիկներին:

Եթե այժմ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, նույն կերպ կարող ենք կորցնել նաև Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին:

Սահմանամերձ քաղաք լինելու հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել»։

Ադան, որպես դրական օրինակ, նշել է հարևան Վանի փորձը, որտեղ զբոսաշրջիկների համար ապահովվում է կազմակերպված և անվճար տրանսպորտ սահմանից դեպի քաղաք և հակառակ ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, զգալիորեն նպաստել է զբոսաշրջության զարգացմանը:
Միևնույն ժամանակ նա քննադատել է Իգդիրի քաղաքային ենթակառուցվածքների աշխատանքը և քաղաքի մաքրության վիճակը՝ նշելով, որ քաղաքում բացակայում են անգամ ամենահիմնական պայմանները, այդ թվում՝ հասարակական զուգարանները։

Ելույթն ամփոփելով՝ նա կոչ է արել տեղական իշխանություններին, գործարարներին և բնակչությանը համախմբվել՝ ընդգծելով, որ միայն համատեղ և ժամանակին ձեռնարկված քայլերով հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել սահմանամերձ դիրքի ընձեռած հնարավորությունները և ապահովել այցելուների պատշաճ ընդունելությունը։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am/Yeşil İğdir

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031