Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Հունվար 22,2026 21:45

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։

Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ ժողովում են սահմանվել Հայ Եկեղեցու սոցիալական և կարգապահական կարևորագույն սկզբունքները։

444 թ․ Շահապիվանի ժողովը, 506 թ․ Դվինի առաջին ժողովը, 554 թ․ Դվինի երկրորդ ժողովը, 609/610 թթ․ Դվինի երրորդ ժողովը՝ բոլորը գումարվել են քաղաքական և վարչական կենտրոններում, ոչ թե Էջմիածնում։ Եվ դա ոչ թե պատահականություն էր, այլ՝ ժամանակի տրամաբանություն։
Եթե ընդունենք այն թեզը, որ ժողովը պետք է գումարվի միայն Մայր Աթոռում, ապա ստիպված կլինենք կասկածի տակ դնել հենց այն ժողովները, որոնցով ձևավորվել է Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը։
Պատմական իրողություն երկրորդ․ ժողովների աշխարհագրությունը միշտ պայմանավորված է եղել իրավիճակով 633 թ․ Կարինի ժողովը, 726 թ․ Մանազկերտի ժողովը, 768 թ․ Պարտավի ժողովը, 862 թ․ Շիրակավանի ժողովը գումարվել են տվյալ ժամանակի քաղաքական և անվտանգային պայմաններից ելնելով։

1179 թ․ Հռոմկլայի ժողովը, որը համարվում է միջնադարյան Հայ Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկը, տեղի է ունեցել Կիլիկիայում, ոչ միայն Էջմիածնից դուրս, այլև Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ մեկը երբեք չի վիճարկել դրա կանոնական ուժը։

Պատմական իրողություն երրորդ․ նորագույն շրջանի հստակ նախադեպեր

1956 թ․ մարտի 5-8-ը Եպիսկոպոսաց ժողովը գումարվել է Կահիրեում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։ Ժողովի արձանագրությունները պահպանված են և պաշտոնական են։ Ժողովը գումարվել է Սփյուռքում՝ պայմանավորված Խորհրդային Հայաստանի պայմաններով և եկեղեցու գործունեության սահմանափակումներով։

2016 թ․ Եպիսկոպոսաց ժողովներ են գումարվել Ստեփանակերտում և Նյու Յորքում։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն տրամաբանության հետ՝ անվտանգություն, ազատ քննարկում, համահայկական ընդգրկում։

Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ոչ թե շենք․ Սանկտ Փյոլթընի ժողովը՝ պատմական օրինաչափության մեջ

2026 թ․ փետրվարի 16–19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը տեղավորվում է հենց այս պատմական շղթայի մեջ։ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված եկեղեցականների նկատմամբ ճնշումները, կալանավորումները և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգները պաշտոնապես արձանագրված փաստեր են դեռևս 2025 թ․ դեկտեմբերից։

Այս պայմաններում ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը։

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով։

 

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031