ՆԳ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։
Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության օրակարգն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններ։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին կընդլայնվեն ու կզարգանան՝ նպաստելով գործընկերության ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիբրիդային մարտահրավերների համատեքստում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ գործողությունների հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով փորձի փոխանակման վերաբերյալ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































