Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմության, հնազանդության պահանջներն ու կարմիր գծերի սահմանման հրամայականը

Հունվար 23,2026 12:00

ՀՀ արտաքին քաղաքականությունը համակարգային ընտրության փուլում. ԵԱՏՄ–ԵՄ հակասությունը եւ «Խաղաղության խորհրդի» պարադոքսը

Տարին մեկնարկել է Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրի նկատելիորեն աճող բեւեռացվածության եւ ընտրության պարտադրանքի հստակեցման պայմաններում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բազմիցս կրկնվող հայտարարությունները ԵԱՏՄ–ԵՄ անհամատեղելիության մասին, ինչպես նաեւ Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդում», վկայում են այն մասին, որ Հայաստանը հայտնվել է ոչ թե բազմավեկտորության, այլ ռազմավարական անորոշության փուլում։ Այս պայմաններում թվում է, թե արտաքին քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ այլեւս չի կարող դիտարկվել որպես ինքնուրույն դիվանագիտական ժեստ, այլ դրանք սկսել են ընկալվել որպես գլոբալ մրցակցության տրամաբանության համատեքստում կատարված գործողություններ։

ԵԱՏՄ–ԵՄ հակադրությունը՝ ինստիտուցիոնալ, քաղաքական խնդիր

Լավրովի պնդումը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ, իրավական առումով վիճարկելի չէ, սակայն քաղաքական առումով այն ունի ավելի խորը նշանակություն։ Մոսկվայի ուղերձը փաստացի ձեւակերպում է ոչ թե ինտեգրացիոն ընտրության անհրաժեշտություն, այլ հավատարմության պահանջ, աշխարհաքաղաքական հնազանդության արձանագրում։ «Կամ մեզ հետ եք, կամ Արեւմուտքի» տրամաբանությունը դուրս է դասական դիվանագիտության շրջանակներից. այն պարզապես ազդեցության գոտիների վերակառուցման հռետորաբանության ու ակնկալիքների դաշտում է։

Այս համատեքստում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները ձեռք են բերում անվտանգության ենթատեքստ։ Սահմանների եւ իրավապահ համակարգի ոլորտներում ԵՄ ներգրավվածության հնարավոր ընդլայնումը Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես ուղղակի սպառնալիք սեփական ռազմաքաղաքական ներկայությանը Հայաստանում։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետության կողմից իրականացվող գործընթացների ամբողջություն, այլ մեր երկիրը ներկայացվում է որպես տարածաշրջանային հավասարակշռության գործիք։

«Խաղաղության խորհուրդը»՝ ռիսկային քայլ

Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» միանալու որոշումը ակնհայտորեն չուղեկցվեց հանրային, փորձագիտական լիարժեք քննարկումների ծավալմամբ։ Խորհրդի կանոնադրության բաց բնույթը, բարձր ֆինանսական շեմը եւ քաղաքական մանդատի անորոշությունը ստեղծում են իրավիճակ, որտեղ Հայաստանը կարող է ստանձնել պարտավորություններ՝ առանց համարժեք ազդեցության գործիքների։

Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ ներգրավվածությունը նույն կառույցում, առանց հակամարտության կարգավորման հստակ մեխանիզմների, մեծացնում է այն վտանգը, որ նման հարթակները կօգտագործվեն ոչ թե հավասարակշռման, այլ ճնշման նպատակով։

Մեծ տերությունների մրցակցությունը եւ պաշտոնական Երեւանի մանեւրելու սահմանափակ դաշտը

Այն փաստը, որ Կրեմլը քննարկում է Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը նույն խորհրդին, վկայում է այն մասին, որ ձեւավորվում են նոր, դեռեւս չկայացած հարթակներ։ Սակայն փոքր պետությունների համար նման հարթակները հաճախ դառնում են ոչ թե ազդեցության ընդլայնման, այլ կախվածությունների բազմապատկման միջոց։

Հայաստանի դեպքում իրավիճակը սրվում է նրանով, որ Մոսկվան բաց տեքստով պահանջում է ընտրություն կատարել, մինչդեռ Արեւմուտքը առաջարկում է ներգրավվածություն՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների։

Բազմավեկտորության ավարտը՝ որպես պատրանք

Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը գործնականում հասել է իր սահմանագծին։ Երբ արտաքին դերակատարները բացահայտորեն պահանջում են կողմնորոշում, բազմավեկտորությունը վերածվում է ոչ թե ռազմավարության, այլ ժամանակ ձգելու փորձի։ «Կամ մեզ հետ եք, կամ Արեւմուտքի» ձեւակերպումը չի թողնում միջանկյալ դիրքի համար մանեւրելու բավարար տարածք։

Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե այն է, թե որ բեւեռն ընտրել, այլ այն, որ ընտրությունը կատարվում է առանց հստակ ձեւակերպված պետական ռազմավարության։ Արտաքին քաղաքականությունը շարունակում է գործել ռեակտիվ ռեժիմում՝ արձագանքելով արտաքին ազդակներին, այլ ոչ թե ձեւավորելով սեփական ազգային-պետական օրակարգը։

Ինչպես չհայտնվել ՌԴ-Արեւմուտք դիմակայության արանքում

Արտաքին քաղաքականություն մշակելիս ու կառուցելիս պաշտոնական Երեւանը պետք է հստակ ձեւակերպի եւ հրապարակայնացնի իր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունները, տեսլականը, որտեղ սահմանված կլինեն ոչ թե գործընկերները, այլ՝ կարմիր գծերը։ Առանց այդ սահմանումների յուրաքանչյուր նախաձեռնություն ընկալվելու է որպես կողմնորոշման փոփոխություն։

Իսկ անվտանգության ոլորտում ցանկացած համագործակցություն՝ լինի ՌԴ-ի, ԵՄ-ի թե ԱՄՆ-ի հետ, պետք է ներկայացվի որպես ինստիտուցիոնալ, այլ ոչ թե քաղաքական հավատարմության դրսեւորում։

Հայաստանը չպետք է ընդունի մասնակցություն այնպիսի կառույցների, որոնց կանոնադրությունները, ֆինանսական պարտավորությունները եւ քաղաքական մանդատը հստակ չեն։ Իսկ Հայաստանի պաշտոնական հռետորաբանությունը պետք է խուսափի այնպիսի բառապաշարից, որն ավտոմատ կերպով տեղավորվում է որեւէ բեւեռի գաղափարական դաշտում։ Լեզուն ինքնին արտաքին քաղաքական ազդակ է։

Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող խուսափել գլոբալ մրցակցությունից եւ մեր տարածաշրջանի համար մղվող ազդեցության պայքարից, սակայն Հայաստանը կարող է նվազեցնել այս ամենից բխող վնասները, եթե հրաժարվի պատրանքներից եւ կառուցի սառը հաշվարկների վրա հիմնված արտաքին քաղաքականություն։

Ընտրությունները կարող են պարտադրվել, սակայն դրանց ձեւերը եւ հետեւանքները դեռեւս կարող են լինել հայկական քաղաքական որոշման արդյունք, այլ ոչ թե արտաքին ճնշման ավտոմատ արձագանք ու հետեւանք։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Իմ կարծիքով, հեղինակի նշած “ինստիտուցիանալ և քաղաքական հավատարմություններ”-ի տարբերություն իրական կյանքում չկա։ Եթե թույլ պետությունը ուժեղների հետ հարաբերություններում փորձի վտանգավոր “շուստրիություններ” անել, գլխին “Ուկրաինա կսարքեն”, իսկ լավագույն դեպքում էլ “Վենեսուելա”:
    Արտաքին պրիմիտիվ խաղերի, երկրի ներսում հալածանքների փոթորկի, ընտրողական արդարադատության և սոցիալական մեծ անհավասարության պայմաններում մեր երկիրն ավելի է թուլանում, խոցելի դառնում և միակ լուծումը պետության ղեկավարումը հավասարակշիռ, տնտեսությունից ու ռեալ քաղաքականությունից բան հասկացող և ամենագլխավորը – ամոթ ունեցեղ մարդկանց փոխանցելն է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031