Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարեւորություն ունի իրավաբանական աուդիտը բիզնեսում

Հունվար 23,2026 13:30

Իրավագիտակից քաղաքացի

Բիզնեսի անբաժանելի մասն են կազմում պայմանագրերը, պարտավորությունները, ներքին կանոնակարգերը եւ պետական մարմինների հետ հարաբերությունները։ Այս գործընթացներից յուրաքանչյուրում սխալը վերածվում է ռիսկի՝ տուգանքի, գործընկերոջ հետ վեճի կամ գործունեության սահմանափակման։ Իրավաբանական աուդիտը թույլ է տալիս բացահայտել թույլ կողմերը եւ գնահատել, թե որքանով է ընկերության գործունեությունը համապատասխանում օրենսդրությանը։

Որոշ երկրներում իրավաբանական աուդիտն անվանում են «Due diligence», որը թարգմանաբար նշանակում է պատշաճ ուսումնասիրություն, իրավական փորձաքննություն կամ ընկերության գործունեության վերլուծություն՝ իրավական տեսանկյունից։

Շատ գործարարներ կարծում են, որ իրավաբանական աուդիտը անհրաժեշտ է միայն բիզնեսը վաճառելիս։ Իրականում, սա ընկերության «առողջության» պարբերական ստուգումն է, որը կանխում է հնարավոր ֆինանսական կորուստները։

Ընկերության իրավաբանական աուդիտը իրավական փաստաթղթերի եւ գործընթացների համակողմանի ստուգումն է։ Այն ներառում է կանոնադրական փաստաթղթերի, պայմանագրերի, կադրային փաստաթղթերի, կորպորատիվ որոշումների, լիցենզիաների եւ թույլտվությունների վերլուծությունը։ Իրավաբանական աուդիտը նույնն է, ինչ մեքենայի տեխզննումը. ավելի լավ է հիմա գտնել խնդիրը, քան այն ժամանակ, երբ շարժիչը կանգնի ճանապարհի մեջտեղում։

Իրավաբանական աուդիտի անցկացումն օգնում է բացահայտել խախտումներն ու ռիսկերը։ Օրինակ՝ ինչպես են ձեւակերպված աշխատանքային հարաբերությունները կամ ինչպես են կազմված պայմանագրերը գործընկերների հետ։ Աուդիտը թույլ է տալիս նախապատրաստվել գործարքներին կամ հարկային մարմինների ստուգումներին՝ նախապես վերացնելով հնարավոր թերությունները։

Իրավաբանական աուդիտն ընդգրկում է.

  • Կորպորատիվ փաստաթղթեր. կանոնադրություն, ժողովների որոշումներ, արձանագրություններ։
  • Պայմանագրային բազա. կնքված պայմանագրերի եւ համաձայնագրերի վերլուծություն, պարտավորությունների ստուգում։
  • Կադրային փաստաթղթեր. աշխատանքային պայմանագրեր, ներքին իրավական ակտեր։
  • Մտավոր սեփականություն. արդյո՞ք ապրանքային նշանը (լոգոն) պատշաճ կերպով պատկանում 1 ընկերությանը։
  • Հարկեր. անհամապատասխանությունների եւ ռիսկերի բացահայտում։
  • Լիցենզիաներ. լիցենզավորվող գործունեության իրավաբանական աուդիտ։
  • Ակտիվներ. սեփականության իրավունքի ստուգում։

Իրավաբանական աուդիտը բաղկացած է մի քանի փուլից՝ փաստաթղթերի վերլուծություն, իրավական փաստաթղթերի ստուգում եւ հաշվետվության կազմում, որը ներառում է բացահայտված ռիսկերն ու առաջարկությունները։

Իրավաբանական աուդիտի արդյունքը կլինի խնդիրների ամբողջական ցանկն ու դրանց վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկությունների ներկայացումը։

Առաջարկությունները ստանալուց հետո անհրաժեշտ է դրանք ներդնել պրակտիկայում՝ թարմացնել պայմանագրային քաղաքականությունը, արդիականացնել կադրային փաստաթղթերը, շտկել կորպորատիվ ընթացակարգերը եւ այլն։

Իրավաբանական աուդիտն անհրաժեշտ է սեփականատերերի փոփոխության, ընկերության գնման կամ վաճառքի, խոշոր գործարքների կնքման, դատավարությունների ժամանակ եւ պետական մարմինների ստուգումներից առաջ։

Իմ խորհուրդը հետեւյալն է՝ մի՛ սպասեք խնդիրների առաջացմանը. պարբերական իրավաբանական ստուգումը ձեր բիզնեսի անվտանգության երաշխիքն է։

Ի դեպ, բիզնեսի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ Ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031