Եվրամիությունը հատկացրել է առաջին 10 միլիոն եվրոն՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շրջանակում ռուսաստանյան ղեկավարության պատասխանատվության հարցով ստեղծվող նոր Հատուկ տրիբունալի համար։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարներն են պատասխանատու այս պատերազմի համար և պետք է ենթարկվեն պատասխանատվության։ «Անպատժելիություն չի կարող լինել»,– ընդգծել է Կալասը։
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը նաև հայտնել է, որ հաճույքով քննարկել է նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ և ստորագրել համապատասխան պայմանագիրը Եվրոպայի խորհրդի հետ։


















































