Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»․ ՔՊ-ն ԸՕ-ում դիտորդական կազմակերպությունների գործունեության կարգն է փոխում

Հունվար 23,2026 12:08

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ-ական այլ պատգամավորների նախաձեռնությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։

Հարցը կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմում։

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որպեսզի քաղաքական ուժերի հետ համաձայնությունների դաշտ չմտնեն դիտորդական առաքելությունները, հնարավո՞ր է դիտորդների ցանկը ֆիքսված սահմանել եւ հետագայում այն փոփոխման ենթակա չլինի։

«Հնարավոր չէ»,- պատասխանեց Արուսյակ Ջուլհակյանը։

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ արդյոք նման փոփոխությունները ընտրություններից մեկ տարի առաջ չպետք է արվեն։ Բանախոսը պարզաբանեց՝ Վենետիկի հանձնաժողովն ունի կարգ, որտեղ հստակեցվում է, թե հիմնարար ի՞նչ փոփոխություններ են, որ պետք է այդ ժամկետում անել, այն էլ ոչ թե արգելում է, այլ ասում են՝ ցանկալի չէ․ «Սա ֆունդամենտալ փոփոխություն չէ։ Գլոբալ փոփոխություն չենք անում, խաղի որեւէ կանոն չի փոխվում, ընդամենը հստակեցնում ենք գործող կանոնը»

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ՔՊ-ն կամայականորեն է գործում եւ «ուժի զոռով», ընտրությունների նախաշեմին փոփոխություններ է անում։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, սա հերթական փորձն է ընտրական գործընթացները իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքներ անելու։ Նա միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում։

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական Արման Եղոյանը հեգնեց՝ դիմելով Արծվիկ Մինասյանին․ «Դուք քաղաքական ուժ եք, ի՞նչ գործ ունեք դիտորդական կազմակերպության անունից խոսեք»։ Արծվիկ Մինասյանը տարակուսեց՝ այդ տրամաբանությամբ, ՔՊ-ն ինչո՞ւ է խոսում այս նախագծի մասին։

Հայկ Կոնջորյանն էլ ընդդիմությանը հեգնեց․ «Դուք ձեր աթոռների վրա կշիռ չեք կարողանում պահել, քաղաքական դաշտում ո՞նց եք պահելու»։ Նրան պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ ասելով, որ ՔՊ-ի բոլոր հայտարարությունները իդենտիկ են եւ բովանդակությամբ համընկնում են Հայաստանի թշնամիների հայտարարությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետագա քննարկումներում՝ պատասխանելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի հարցին, Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրու եւ Վաղարշապատի ավագանու ընտրություններում չեզոքություն չի պահպանել։ Այս մասին բարձրաձայնել են «Ականատես» եւ «Անկախ դիտորդ» առաքելությունները՝ ասելով, որ «ՀայաՔվեի» անդամները ՔՊ-ի դեմ են գործել։ Հարցը նաեւ ԿԸՀ-ում է քննարկվել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031